Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնում առաջին անգամ  JAZZ ներկայացում՝ «Ձայն լուսո»

Սեպտեմբեր 24,2025 13:30

Ջազային երաժշտության ժանրի բնորոշ գծերից է ինպրովիզացիան, այլ կերպ ասած՝ ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը: Օպերայի բեմում օրերս եռաչափ բեմադրությամբ բացառիկ JAZZ ներկայացում էր՝ «Ձայն լուսո» խորագրով:

Եվ եղավ լույս…

Այսպես ստեղծվեց աշխարհի ստեղծումը, ուր հայտնվեց մարդն իր կյանքի ուղով՝ ծնունդ, սեր, պատերազմ, մահ:

Տեսավ գեղեցիկը, ստեղծագործեց, հասկացավ սուրբ երրորդությունը, հարությունը, անմահությունը:

Լսեց լույսի ձայներ…

Երեկոյի գաղափարի հեղինակ-կատարողներն էին Արվեստի վաստակավոր գործիչներ, ջազ-դաշնակահար Վահագն Հայրապետյանը, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Ռուբեն Քոչարը, անիմատոր-մոնտաժողը պետական մրցանակի դափնեկիր Արթուր Փարսյանը:

Արվեստաբան Գայանե Պողոսյան

Առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող ներկայացման ավարտին Aravot.am-ին իր կարծիքը հայտնեց ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանը.

«Այս ստեղծագործական ինքնատիպ համագործակցությամբ համերգի առանցքում էր թեմատիկ պատկերաշարի կլանող միջավայրը, որում Վահագն Հայրապետյանը հանդես եկավ իրեն հատուկ երաժշտական իմպրովիզային ոգեշունչ կատարումներով։ Համերգային ներկայացումը կարելի է բնորոշել որպես բավական ուշագրավ տեսաձայնային հիշարժան փորձառություն։ Հատկանշական է բեմում ձայնային համադրումներով լուսապատկերային մետաֆիզիկական իրականության վերածված միջավայրը։ Գեղարվեստորեն լակոնիկ ձևավորված տիրույթից հանդիսատեսին էր փոխանցվում պատկերներին զուգորդվող բազմատարր ելևեջների մոգական հմայքը։ Գեղարվեստական միջավայրը ներդաշնակված էր Ռուբեն Քոչարի՝ երկչափ հարթության մեջ գեղանկարչական հորինվածքների և Վահագն Հայրապետյանի երաժշտության անզուգական միաձուլմամբ։ Իսկ ներկայացման համար ընտրված լուսավորությունն ու համահունչ հնչյունային ձևավորումը հայաստանյան ժամանակակից կերպարվեստի և երաժշտության համակցման բացարձակ նոր ընկալումների փորձարկում է։ Սա թերևս ոչ միայն երաժշտության և կերպարվեստի սինթեզ է, այլև կենդանություն ստացած ստեղծագործական երևակայումների և գեղարվեստական պատկերաձայնային մտածողության ներդաշնակ միահյուսում»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝  «Ձայն լուսո» JAZZ  ներկայացումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930