Դպրոցներն այսուհետ պետական աջակցություն կստանան կատարողականի արդյունքներով: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
«2025թ. օգոստոսի 25-ին ընդունվեց բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքներով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ կառավարության որոշումը:
Մենք ունենք ուսումնական հաստատություններ, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված մանկավարժական անձնակազմի համալրման, կրթության որակի, միջավայրի եւ այլնի հետ: Նաեւ ունենք հաստատություններ, որոնք հրաշալի իրականացնում են բոլոր պարտադիր ծրագրերը, ունեն ներուժ՝ էլ ավելի զարգանալու եւ լուրջ կենտրոններ դառնալու»,-ասաց Թամարա Սարգսյանը:
«Շատ կարեւոր համարվեց, որ պետությունը հնարավորություն ստեղծի աջակցելու այն ուսումնական հաստատություններին, որոնք աջակցության կարիք ունեն, որպեսզի առկա խնդիրները լուծվեն, ինչպես նաեւ խրախուսման հնարավորություն ստեղծի, որպեսզի այն դպրոցները, որտեղ կան նախաձեռնություններ, հավակնոտ ծրագրեր, զարգացման միտումներ, կարողանան իրագործել իրենց նպատակները»,-հավելեց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, հայտարարվելու է մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկն այն է, որ դպրոցները պետք է համապատասխանեն ԿԳՄՍՆ-ի ներկայացրած չափանիշներին։ Նվազագույն պահանջներից է այն, որ դպրոցը պետք է ունենա կամավոր ատեստավորված ուսուցիչների 50 տոկոսից, տարակարգ ունեցող ուսուցիչների 20 տոկոսից ավելի ցուցանիշ, նաեւ մրցույթներին, օլիմպիադաներին մասնակցություն:
Ծրագրի իրագործման հետ կապված որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից։
Մանրամասն՝ տեսանյութում .
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































