Այսօր ժամը 17․30 րոպեին կհրապարակվի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։
Դատելով տարբեր կառույցներում, ընդհուպ փողոցներում ու տրանսպորտի մեջ ծավալվող քննարկումներից՝ պիտի արձանագրել, որ գյումրեցիների մեծ մասը համակ ուշադրությամբ հետևում է դատական նիստերին․ հաճախակի են մեջբերում Սրբազանի՝ դատավարության ընթացքում հնչեցրած խոսքերը։
Դատավարությանը մշտապես մասնակցող Շիրակի մարզի հոգևորականներից մեկն այսօր մեզ հետ զրույցում պատմեց, որ մեղադրող կողմը գլխիկոր է անցնում՝ չկարողանալով նայել ո՛չ Սրբազանի, ո՛չ էլ դահլիճում նստածների աչքերին։ Այդուհանդերձ, դատավարության մասնակիցները վստահ են՝ որքան էլ Սրբազանի մեղքը չապացուցվի, նրան ազատազրկելու են՝ իհարկե, հույս հայտնելով, որ պատիժը չի լինի առավելագույնը՝ 5 տարի։
Aravot.am-ի հետ զրույցում հրապարակագիր Արա Նախշքարյանն էլ կարծիք հայտնեց, որ Միքայել Սրբազանին պարտադիր դատապարտելու են ազատազրկման, դատական նիստերից ակնհայտ է, որ նրան ազատ չեն արձակելու և տուգանքով չի էլ պրծնելու։
Կարդացեք նաև
«Թե քանի տարով կդատապարտեն ազատազրկման, չեմ կարող ասել, դա անշնորհակալ գործ կլինի, բայց նա երբեք տուգանքով չի պրծնելու, հազիվ ձեռքերն է ընկել։ Եթե առաջիկա ընտրությունների նախաշեմին մեր երկրում ընդդիմադիր համայնքապետ է սպանվում, ինչո՞ւ պիտի Միքայել Սրբազանի պես ազդեցիկ, հայրենասեր անձին ազատ արձակեն։ Այո՛, Միքայել Սրբազանն այն անձն է, որն իր խոսքով կարող է ընտրական գործընթաց փոխել, նա մեծ հեղինակություն ունի, դա անժխտելի փաստ է։ Իշխանությունն էլ չեզոքացնում է նրան, ով իրենից կարևոր դեմք է ներկայացնում, այլապես ինչո՞ւ պիտի գնային հետևից», -ասաց Արա Նախշքարյանը։
Մեր հարցին, թե ի՞նչ զգացողություններ է ունենում Միքայել Սրբազանի դատավարությանը հետևելիս, Արա Նախշքարյանն ասաց․ «Ես փորձում եմ սառը դատել, ուշադիր որ նայում ես, հասկանում ես, որ իշխանությունների մոտ վախ կա Սրբազանի նկատմամբ, և իրենք ամեն բան անում են, որպեսզի կարողանան լռեցնել կոչնակին՝ զանգին, այս պարագայում զանգը մեր թեմի առաջնորդն է։
Քրեական վարույթը, դատավարությունն իրենով խեղկատակություն են, չստացված խեղկատակություն։ Բոլոր հիմքերը գիտենք, Սրբազանն այս նույն հարցով մի անգամ քաշքշուկների մեջ եղել է, և դատախազությունը ոչ մի մեղադրանք չի գտել, էդ ո՞նց եղավ, որ հիմա հանկարծ գտան, ի՞նչը փոխվեց, դատավորները գնացին, կրթվեցին, եկան, տեսան, որ բան է փոխվե՞լ գործի մեջ, էդ մարդը բան է ասել, որ մինչև էդ չէի՞ն հասկացել։ Այսինքն «Կրթվելը նորաձև է» շարժումը դատարան էլ հասա՞վ։ Սա վատագույն սցենարն է այս տարիների պատմության մեջ»։
Ըստ նրա՝ դատախազների գլխիկոր անցնելը պայմանավորված է նրանով, որ իրենք էլ Առաքելական եկեղեցու հետևորդ են, մկրտվել են այնտեղ ու հոգու խորքում վատ են զգում։ «Իհարկե, վատ զգալով չէ, ճիշտ կանեին դիմում տային ու հեռանային, ի վերջո՝ իրենք էլ մասնակցում են պետականության հիմքերի խարխլմանը»,-ասում է Արա Նախշքարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ