«Որեւէ վարկածի վերաբերյալ չարժե գնահատական տալ, պետք է սպասել քննությանը։ Եվ որքան այդ քննությունն արագ լինի, այնքան հասարակության մեջ կասկածներն ավելի քիչ կլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
Նա նշեց, որ ցանկացած դեպքում կասկածներ մնալու են, որովհետեւ այդպիսին է մեր միջավայրը։ «Բայց սրանք նաեւ հիմնավոր կասկածներ են, որովհետեւ մենք տեսնում ենք անհանդուրժողականության մակարդակի աճ, եւ այս մթնոլորտում ընդդիմադիր համայնքապետի սպանություն։ Հիմա սա քաղաքական մոտիվներո՞վ է պայմանավորված, թե՞ ունի նաեւ այլ մոտիվներ ու պատճառներ, դժվար է գնահատել։ Բայց այդուհանդերձ իր քաղաքական հետեւանքն ունենալու է, եւ այստեղ է, որ իրավապահները պետք է աշխատեն այդ քաղաքական հետեւանքը եւ հասարակության կասկածները, հասարակության մեջ դրա բացասական հետագա ծավալումները նվազեցնելու ու թույլ չտալու համար»,- ասաց Հակոբ Բադալյանը։
Անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությանը՝ Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ հետեւյալ միտքն է արտահայտել․ «․․․Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել»։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է պատասխանատու իրավապահ համակարգի աշխատանքի համար։ «Մենք փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կանխարգելիչ աշխատանքի անհրաժեշտություն է եղել, համենայնդեպս հենց Նիկոլ Փաշինյանն է այդ մասին ասում, բայց այդ աշխատանքը չի կատարվել։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ ընդհանրապես Հայաստանում իրավապահ համակարգի աշխատանքը մեղմ ասած խնդիրներ է հարուցում։ Մենք տեսնում ենք քրեական ռազբորկաների, տարատեսակ զինված միջադեպերի էական աճ։ Անգամ ներքին գործերի նախարարի փոփոխությունը որեւէ կերպ պատկերը չի փոխել։ Այս պայմաններում մենք հերթական անգամ բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ ունենում ենք ծանրագույն հետեւանք՝ քաղաքական հնարավոր տողատակերով։ Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է տա եւ կասկածները պետք է ցրի իշխանությունը՝ իր գործողություններով՝ քննության դաշտում, նաեւ որոշակի իմաստով քաղաքական պատասխանատվության դաշտում»,- նշեց Բադալյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե այս դեպքն ի՞նչ ազդեցություն կունենա հետագա ընտրական գործընթացների վրա, ընդդիմադիր թեկնածուներին վախեցնելու փորձ կարո՞ղ է լինել, Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ ցանկացած մարդ կարող է իր համար հետեւություններ անել այս ամենից։ Տեղի է ունեցել մի ցավալի դեպք, որը, բացի մարդկային դժբախտություն լինելուց, նաեւ քաղաքական ազդեցություն է թողնելու։
«Այդ ազդեցությունը կարող է ունենալ ամենատարբեր դրսեւորումներ յուրաքանչյուր մարդու ու խմբի վրա։ Եվ կասկած չկա, որ առնվազն համայնքի մակարդակում այդ ազդեցությունը լինելու է։ Դատելով գնահատականներից՝ սպանվել է բավական մեծ հեղինակություն ունեցող համայնքապետ, որը համայնքապետի ընտրություններում կարողացավ 57 տոկոս ձայն ստանալ։ Այսինքն՝ առնվազն մեկ համայնքի շրջանակում մենք տեսնում ենք, որ այդ սպանությունը քաղաքական պրոցեսներից դուրս է թողնում շատ հեղինակավոր մի անձնավորության։ Թե ավելի մեծ մասշտաբով ինչպիսին կլինի քաղաքական ազդեցությունը, յուրաքանչյուրը տարբեր ընկալում կարող է ունենալ՝ մեկը կվախենա, մյուսը չի վախենա։ Բայց ընդհանուր առմամբ այս մթնոլորտն ու միջավայրը բումերանգի էֆեկտով ինչ-որ պահի նաեւ խփելու է իշխանությանը։ Եթե հասարակական-քաղաքական միջավայրում առաջանա բեսպրեդելի անշրջելի զգացում կամ գիտակցում, սա արդեն ինչ-որ պահից կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների բոլորի համար։ Դրա համար եմ նշում, որ այստեղ առաջնային է լինելու իրավապահ համակարգի աշխատանքը գոնե բացահայտման ուղղությամբ։ Եվ նաեւ քաղաքական պատաստասխանատվության հարցն է լինելու առաջնային»,- հավելել նա։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում է՝ վերլուծությունից հետո կլինեն անհրաժեշտ հետեւություններ։ Նրա գրառումից ելնելով՝ հարց է առաջանում, թե ի՞նչն է բերել այն մտքին, որ կարող էին անհրաժեշտ լինել կանխարգելիչ գործողություններ։ Եվ եթե այդպես է, ապա պետք է շատ հստակ ներկայացվի հանրությանը, թե ո՞վ է թերացել։ «Պետք է գտնվեն ոչ թե քավության նոխազներ, այլ իսկապես պատասխանատվության հարցը ամբողջապես պետք է դիտարկվի հենց իշխանության քաղաքական պատասխանատվության շրջանակում։ Եվ տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ հետեւություն է անելու իր այդ նշած վերլուծությունից»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ