ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Կաթ դպրոցներին» համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպված միջոցառմանը:
«Կաթ դպրոցներին» ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2023 թ. Կաթի համաշխարհային օրվա շրջանակում և իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և «Երեմյան» ընկերությունների խմբի կողմից՝ ապահովելով բարձրորակ կաթ Երևանի և Լոռու 9 դպրոցի 5-9-րդ դասարանների ավելի քան 1400 աշակերտի համար:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ սա ևս մեկ առիթ է համոզվելու, որ դպրոցներում երեխաների համար ստեղծվում են առողջ սնվելու հնարավորություններ։ Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է «Դպրոցական սնունդ» ծրագրին, որի շնորհիվ ՀՀ մարզերի դպրոցների տարրական դասարանների երեխաները տաք սնունդ են ստանում:
«Ներկայում մենք նաև կրթական բովանդակային բարեփոխումների փուլում ենք, ինչի շրջանակում նաև դպրոցում գտնվելու տևողությունն է երկարում, այդ իսկ պատճառով շատ ենք կարևորում երեխաների՝ դպրոցում սնվելու հնարավորությունը: Մեզ համար ոչ միայն կարևոր է ճիշտ սնվելու մշակույթի ձևավորումը՝ հենց դպրոցում սնվելու հնարավորություններ ստեղծելով, այլև երեխաներին համապատասխան գիտելիքներ ու կարողություններ փոխանցելը, որպեսզի նրանք նաև ճիշտ սնվելու կարողություններ ունենան: Արդեն իսկ ունենք արձագանքներ, երբ ընտանիքներն իրենք են փոխում իրենց սնվելու սովորույթները՝ երեխաների ազդեցությամբ։ Երեխաները այն խողովակն են, որոնց միջոցով մենք ազդեցություն ենք ունենալու հասարակության ավելի մեծ շերտերի վրա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ ծրագիրը մասնավոր-պետություն-միջազգային կազմակերպություններ համագործակցության լավագույն օրինակներից է: «Անկասկած պետք է արդեն քննարկենք ծրագրի ընդլայնման հնարավորությունները՝ ավելի շատ երեխաների կաթ խմելու հնարավորություն ընձեռելով և այդ սովորությունը ձևավորելով: Կարծում եմ՝ երեխաներին ոչ միայն դպրոցում առողջարար ու բավարար էլեմենտներով, սննդային տեսակետից կարևոր նշանակություն ունեցող կաթ խմելու հնարավորություն ենք ընձեռում, այլ նաև մոտեցում ենք ձևավորում՝ ճիշտ սնվելու և կաթնամթերքը որպես կարևոր բաղադրիչ օգտագործելու առումով»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լեյլա Մելիուին, ԵԶԲ-ի հայաստանյան տնօրեն Արմեն Մելկիկյանը և «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
Բանախոսների խոսքով՝ նախաձեռնությունը խթանում է առողջ սնվելու սովորույթները՝ ոգեշնչելով հայ դպրոցականներին նախընտրել առողջարար տարբերակներ քաղցր ուտեստների փոխարեն: Կաթը դարձնելով նրանց ամենօրյա սննդակարգի մաս՝ ծրագիրը նպաստում է աշակերտների ավելի առողջ աճին, արդյունավետ սովորելուն և ընդհանուր առողջությանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև դպրոցականների համար կաթի սպառման կարևորությունը, կաթի սպառման խթանման ռազմավարությունները, առողջ սննդային սովորությունների խթանման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև 2024/2025 ուսումնական տարվա ընթացքում գրանցված հաջողությունները: Նշվել է, որ երեխաների՝ կաթ խմելու ցանկությունն աճել է։ Հարցված ծնողների մեծամասնությունը ևս նշել է, որ երեխաները սկսել են հաճույքով կաթ խմել, և դա ազդել է նրանց առողջության և կենտրոնացման վրա։ Ծնողները նաև փաստել են, որ երեխաները կաթ խմելուց հետո սկսել են ավելի քիչ քաղցր, անառողջ խորտիկներ ուտել և գազավորված ըմպելիք խմել։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ