«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած «Ինչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու, հայրենիքը վերադարձնելու գաղափարից ու նպատակներից» համահավաքի մասնակիցներն այսօր մեկ րոպե լռությամբ վշտակցություն հայտնեցին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ մեկ ոստիկանի սպանության կապակցությամբ եւ ցավակցեցին նրանց ընտանիքի անդամներին ու հարազատներին: Իսկ մինչ քննարկումները սկսելը, Դեմոկրատական կուսակցության նախագահ եւ «Միասին» այլընտրանքային շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանը, անդրադառնալով ողբերգական այդ իրողությանը, ասաց. «Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում տիրում է մեկ անձի, այսպես ասած, իշխանություն, ոստիկանությունը եւ ամբողջ համակարգն ամբողջովին կենտրոնացած է նրա պաշտպանության վրա, ինչի մասին մենք շատ ենք ասել:
Եվ այս համակարգը մինչեւ չվերացնենք, որեւէ փոփոխություն չենք կարող ունենալ: Սա շատ կարեւոր է: Հարցը, իհարկե, քաղաքական է, հարցը իրավական դաշտում է, հարցը ամեն տեղ է, խոսքն այն պասին է, թե ինչպես պետք է լինի Հայաստանում իրավական իրավիճակը: Դանակահարությունների այսքան դեպքեր անչափահասների կամ երիտասարդների միջեւ երբեւէ չեն եղել: Ու սա իրականություն է: Սա նշանակում է, որ դաստիարակությունը դպրոցում նույնպես ամբողջովին տապալված է: Ընդհանրապես այդ համակարգն է տապալված, որովհետեւ մեր երիտասարդների ուղեղից հանում են հայրենասիրություն հասկացությունը, «իրական Հայաստան» են ասում, որն ընդհանրապես կապ չունի հայ ժողովրդի պատմության հետ: Այսպիսի իրավիճակ է երկրում տիրում: Դրա համար էլ կլինեն նաեւ այսպիսի սպանություններ: Եվ իրենք էլ ամենաբարձրը կգոռան, թե դատապարտում են: ԲԱյց ի՞նչն եք դատապարտում: Ձեր արածի արդյունքն է սա, ձեր չարածի արդյունքն է»:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու, հայրենիքը վերադարձնելու գաղափարից, ինչպես գրված է համահավաքի խորագրում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Շատ հակիրճ ձեզ ասեմ: Կլինի այն, ինչ արդեն քանի տարի մենք անընդհատ ասում ենք: Այսինքն, Հայաստան պետություն որպես այդպիսին գոյություն չի ունենա, որովհետեւ Արցախը ոչ թե միայն մի կտորն է մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի մի հատվածն է, այլ Արցախը ռազմավարական նշանակություն ունեցող է: Ու բացի դրանից, ոչ ոք չի զիջում իր հայրենիքի մի մասը եւ դրանով ասում, որ ես փրկեցի մնացածը: Դա նշանակում է, որ շարունակություն է լինելու: Եվ ամենագլխավորը: Երկու կարեւոր հարց, մեկը մեր նոր սերնդի դաստիարակության հարցն է, որին սովորեցնում են՝ մի դիմադրիր, ոչ մի քայլ մի արա քո պաշտպանության առումով, երկրորդը՝ ամբողջովին մարդկանց հոգեկերտվածքն է փոխվում: Սա է գլխավոր հետեւանքը, որը մենք ունենալու ենք եւ ունենք արդեն»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ