Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հանցագործությունը հարված է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլև մեր պետությանն ու պետականության հիմքերին. ՀՅԴ

Սեպտեմբեր 24,2025 22:50

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, և վիրավորվել է մեկ քաղաքացի։

Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը։

Վիրավորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ թուլացվում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիությունը, իրավապահ համակարգն իրականացնում է ընտրովի արդարադատություն, իսկ առկա ներուժն օգտագործվում է քաղաքական հետապնդումների նպատակով:

Հետևանքները չեն ուշանում՝ հասարակական անվտանգությունը գտնվում է լրջագույն սպառնալիքի տակ։ Այս հանցագործությունը հարված է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլև մեր պետության ու պետականության հիմքերին։

«Իրական Հայաստան» հռչակած իշխանությունը տարիներ շարունակ զբաղված է մտացածին  սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով  քրեածին միջավայր:  Ավելին, պարբերաբար հնչող բռնության ու հաշվեհարդարի կոչերով, հանրությանը «սևերի ու սպիտակների» բաժանելով՝ պարարտ հող են ստեղծել նման հանցագործությունների համար, որոնց թիվը թռիչքաձև աճում է:

Իշխանությունը քրեականացնում է այլախոհությունը, հալածում հոգևորականներին ու ընդդիմախոսներին, միաժամանակ՝ քաղաքացիներին թողնելով անպաշտպան զինված հանցագործների դեմ։

Սա արդեն ոչ թե անգործություն է, այլ ուղղակի հանցակցություն։

Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ անհապաղ և ամբողջական բացահայտել դեպքը, ինչպես նաև օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել  մեղավորներին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930