Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չպետք է ընկնել ծուղակը, թե Արցախի ժողովրդի վերադարձը համադրելի է Հայաստանից 80-ականներին տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հետ». Արտակ Բեգլարյանի վեց փաստարկները

Սեպտեմբեր 24,2025 23:40

«Դահլիճում գտնվող բոլորը գիտեն պատասխանը, թե ինչ կլինի, եթե մենք հրաժարվենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից: Կլինի Հայոց պետականության անկում, որովհետեւ կստացվի, որ մենք մեր հավաքական իրավունքից, մեր հայրենիքից, մեր ժառանգության, մեր անհատական իրավունքի պատասխանատվությունից հրաժարվում ենք՝ Ալիեւին, թուրք-ադրբեջանական տանդեմին ասելով, որ մենք մեր իրավունքների սահմաններ չունենք: Եվ եթե իշխանությունների տրամաբանությամբ շարժվենք, որ ասում են բախումնային տրամաբանությունից խուսափում ենք, ապա, օրինակ, Սյունիքը վերցնելու, գրավելու պարագայում կրկին կարող ենք ասել՝ խուսափում ենք բախումնային տրամաբանությունից, եկեք Սյունիքից հրաժարվենք, որպեսզի լավ ապրենք»,-Արցախ վերադառնալու թեմայով այսօր կազմակերպված համահավաքում ասաց Արցախի նախկին պետնախարար եւ ՄԻՊ, այժմ «Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Սա, բնականաբար, երկարաժամկետ առումով անվտանգային, հոգեբանական, ազգային դիմադրողականության մեծ ռիսկեր է առաջացնում արցախցիների  համար անհատական եւ հավաքական հիմնարար իրավունքների հարցում: Բայց եթե ավելի լայն նայենք ամբողջ հայ ժողովրդի տեսանկյունից, մենք կարող ենք առնչվել ցեղասպանության նոր փուլերի:

Հիմա անդրադառնամ մեկ այլ տեսանկյան, որ իշխանությունները ուզում են վախեցնել, այսպես ասած, ադրբեջանական հայելային պահանջներով՝ «արեւմտյան Ադրբեջան» եւ այլն:

Ինչո՞ւ չպետք է ընկնել այս ծուղակը եւ ասել, որ Արցախի ժողովրդի վերադարձը համադրելի է Հայաստանից 80-ականներին տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հետ, ես վեց հիմնական փաստարկ կբերեմ:

Առաջինը կարգավիճակն է: Արցախի ժողովուրդը ուներ եւ ունի միջազգային իրավունքի տեսանկյունից ժողովրդի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ եւ խորհրդային, եւ անկախության տարիներին ունեցել ենք ինքնորոշման իրավունքի հիման վրա ինքնակառավարման սուբյեկտ: Եվ մենք իրացրել ու պաշտպանել ենք ինքնորոշման իրավունքը: Ընդ որում, վերադարձի իրավունքը նաեւ այս կարգավիճակի փաստարկից ելնելով պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի համատեքստում: Հետեւաբար, ի տարբերություն Հայաստանում ապրող ադրբեջանցիների, մենք բնիկ հայրենիքում էինք բնակվում, ունեինք ինքնակառավարման մեր սուբյեկտը: Եվ ունենք, թեեւ որոշակի պատառիկներով, ինչը նշանակում է, որ համադրելի չեն:

Երկրորդը տեղափոխման կամ տեղահանման պատճառներն ու ձեւն է: Ի տարբերություն ադրբեջանցիների, մենք բռնի տեղահանվել ենք միջազգային հանցագործության, տվյալ պարագայում՝ ցեղասպանության հետեւանքով: Ոմանք ասում են էթնիկ զտում, որը մարդկության դեմ հանցագործություն է կամ ցեղասպանություն իրավական առումով: Եվ սա ամրագրվել է միջազգային տարբեր իրավապաշտպան մասնագիտական կառույցների ու փորձագետների կողմից: Իսկ ադրբեջանցիները ոչ թե տեղահանվել են, այլ իրենց կամքով խորհրդային ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ խաղաղ ձեւով տեղափոխվել են: Ընդ որում, հնարավորություն ունենա;ով իրենց տները վաճառել, փոխանակել, փոխհատուցում ստանալ: Ոչ մի բռնություն իրենց հանդեպ տեղի չի ունեցել ի տարբերություն Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանում բնակվող հայերի:

Երրորդ տարբերությունը եւ փաստարկը իրավական հիմքերն են: Եթե Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ ոչ թե ընդհանրական միջազգային ակտեր կան ու տեսականորեն մենք մեկնաբանում ենք, որ ունենք այդ իրավունքը, այլ կա, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային հանրության բարձրագույն դատարանի, ակտը՝ 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որտեղ հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք պետք է արագ, անխոչընդոտ եւ անվտանգ կերպով վերադառնան իրենց հայրենիք: Ի տարբերություն սրա, ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ որեւէ իրավական հիմք չկա:

Չորրորդ փաստարկը ժամկետն է: Եթե իրավունքի տեսանկյունից ժամկետը շատ էական չէ, ապա գործնական տեսանկյունից ժամկետը էական է: Մեր՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը վերջերս է տեղի ունեցել, խորը ցավը դեռեւս առկա է, խնդիրը հրատապ է հումանիտար եւ մարդու իրավունքների տեսանկյունից, ժողովրդի մոտ ցանկությունը առկա է: Վերջին հարցումներով, արցախցիների ավելի քան 70 %-ը ցանկանում է վերադառնալ՝ համապատասխան պայմանների առկայության պարագայում: Իսկ ադրբեջանցիների պարագայում, իրենք արդեն շուրջ 40 տարի առաջ են տեղափոխվել, կրկին նշեմ՝ իրենց կամքով եւ ոչ թե բռնի տեղահանվել են:

Հինգերորդ փաստարկը քանակն է: Եթե բռնի տեղահանվել են 150 հազար արցախցիներ, ադրբեջանահայությունը ըստ սովետական մարդահամարի բռնի տեղահանվել է 360 հազար, ըստ փորձագիտական հիմնավոր հաշվարկների, ավելի քան 500 հազար, իսկ որոշ փորձագետներ հաշվարկում են ավելի քան 700 հազար, քանի որ ադրբեջանական իշխանությունները բավականին հմուտ կերպով կեղծում էին փոքրամասնությունների թվերը՝ ժողովրդագրական պատկերը: Իսկ ադրբեջանցիները ըստ 1988 թ.մարդահամարի եւ փորձագիտական հաշվարկի, Խորհրդային Հայաստանում շուրջ 160 հազար էին:

Եվ վեցերորդ փաստարկը վերադարձի որոշման հիմքն է եւ ձեւը: Եթե Ադրբեջանը տոտալիտար, ավտորիտար պետություն է եւ այնտեղ առայսօր առկա են փախստականների վրաններ ու փախստականների գոնե մի մասը ուղիղ կախվածության մեջ է գտնվում վարչահրամայական համակարգից՝ ադրբեջանական ալիեւյան ռեժիմից, ապա Հայաստանում թե արցախցիները, թե Ադրբեջանից բռնի տեղահանված մնացած հայերը որեւէ կախվածություն չունեն, եւ Հայաստանի Հանրապետությունը առնվազն նույն ավտորիտար, տոտալիտար ռեժիմը չունի: Միջազգային իրավունքն ասում է, որ վերադարձը պետք է տեղի ունենա կամավոր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930