Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «ամենատեսանելի գործիքը»

Սեպտեմբեր 25,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը ՀՀ-ում

Ադրբեջանը մշտապես ցավոտ է ընդունել Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը: Բաքվից բազմիցս մեղադրել են ԵՄ դիտորդներին` «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ, ինչը Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է։ Հիշեցնենք, ԵՄ քաղաքացիական անզեն դիտորդները Հայաստան ժամանեցին 2023թ. փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի` եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւս երկու տարի, մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը։

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը, իսկ մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երեւանի եւ Բրյուսելի միջեւ, անցյալ ամիս ադրբեջանական Report-ին հայտնել էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը: «Առաքելության լիազորությունների մեջ է մտնում դիտարկել եւ զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից տիրող իրավիճակի մասին», նշել էր ԵՄ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն ողջունել է կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը:

Այս ամսվա սկզբին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը պատասխանել էր «Ազատության» հարցին, թե արդյո՞ք Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սահմանին երրորդ ուժերի դուրսբերման հարց չի ծագել: «Ինչպես ես գիտեմ՝ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ողջունում են Եվրամիության առաքելությունը Հայաստանում: Այն շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Եվ եթե որեւէ փոփոխության անհրաժեշտություն լինի, մենք դա կքննարկենք մեր անդամ պետությունների եւ, իհարկե, Հայաստանի իշխանությունների հետ։ Բայց այս պահին, ուզում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ Եվրամիության առաքելությունը կշարունակի իրականացնել իր գործունեությունը իր մանդատի հիման վրա, եւ այս պահին որեւէ փոփոխության անհրաժեշտություն չկա», նշել էր ԵՄ դեսպանը:

Իսկ հարցին, թե որեւէ քննարկում եղե՞լ է Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումից հետո, Մարագոսը պատասխանել էր. «Պետք է ընդգծեմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը այստեղ է գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով, եւ այն կշարունակի մնալ այստեղ այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Այն խաղաղության եւ կարգավորման գործիք է։ Եվ մենք լիովին սատարում ենք դրան»։

«Պատերազմի ռիսկն ինչ-որ առումով անհետացել է նաեւ մեր շնորհիվ». Ռիտեր

Չնայած Ադրբեջանի դժգոհությանը, նաեւ` Հայաստանի իշխանությունների կողմից վարվող խաղաղության օրակարգին, ԵՄ-ից հստակ շեշտադրում են այն գործառությունները, որոնք ծառայում են ի նպաստ Հայաստանի անվտանգության:

Անցյալ շաբաթվա սկզբին «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025» միջազգային համաժողովում Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նկատեց. «Երբ մենք եկանք այստեղ, կարողացանք կառավարել բնակչության ակնկալիքները: Բոլորը մտածում էին, որ մենք պաշտպանական ուժ ենք, ԵՄ-ի պաշտպանիչ ուժն ենք, որը գալիս է պաշտպանելու Հայաստանը: Մենք հստակեցրեցինք, որ դա չէ մեր գործառույթը»: Նրա խոսքով` ԵՄ դիտորդական առաքելությունը աշխատում է մի երկրում, որը մնում է ՀԱՊԿ-ի անդամ, որտեղ կան ռուսական զորքեր, եւ կա Ադրբեջանի հետ հակամարտություն, իսկ Ադրբեջանը չի ցանկանում ԵՄ-ի հետ համագործակցել։ «Ադրբեջանի հետ աշխատանքը այնքան էլ հաջող չի ընթացել։ Սա բազմաթիվ ապատեղեկատվական արշավների առիթ է դառնում ընդդեմ մեր առաքելության։ Ոչ միշտ է հեշտ դրան արձագանքել, մենք գտել ենք որոշակի մեխանիզմներ դրան արձագանքելու։ Դա մեր ոճը չէ, որ եթե մեր մասին վատ բան ես ասում, մենք էլ քո մասին ասենք վատ բան։ Ներկայումս ապատեղեկատվությունը Ադրբեջանի կողմից դադարել է, դադարեցրել են մայիսից։ Մենք դեռ ունենք խնդիրներ Ռուսաստանի հետ, բայց այս պահին կարծես վիճակը լավ է», նկատել էր նա։

Մարկուս Ռիտերը ներկայացրել էր ՀՀ սահմանամերձ հայկական բնակչության հետ տարվող աշխատանքը, նրանք աշխատում են 170 ՀԿ-ների հետ, կանոնավոր կապեր ունեն նրանցից մի քանիսի հետ։ «Անցյալ տարեվերջից սկսել ենք այցելել սահմանամերձ դպրոցներ՝ եվրոպական գաղափարախոսությունը ներկայացնելու։ Շատերը պատկերացում չունեն, թե ինչ է ԵՄ-ն, իսկ եթե ունեն էլ, դա ռուսական հեռուստատեսության հեռարձակումների վրա է ձեւավորվել։ Մենք փորձել ենք դա մի քիչ իրականությանը մոտեցնել։ Տեսնում ենք, որ հատկապես երիտասարդները հետաքրքրվում են, թե ԵՄ-ն ինչու է ստեղծվել։ ԵՄ անդամ լինել կամ այդ գաղափարի օրինակով գնալ չի նշանակում հրաժարվել ձեր երկրի ազգային ինքնությունից, ձեր մշակույթից։ Մենք փորձում ենք սահմանամերձ գյուղերի երիտասարդներին ասել, որ եթե երկու կողմերում լինի կամք, կարող է լինել խաղաղ ապագա, սահմաններ, որոնք ոչ թե կբաժանեն, կառանձնացնեն, այլ որոնք կկապակցեն, որից կշահեն երկու կողմերն էլ»։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի բնորոշմամբ` իրենց առաքելությունը «ԵՄ ամենատեսանելի գործիքն են» մեր երկրում։ «Մեր ներկայությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անվտանգության զգացողություն ենք բերում տեղի ազգաբնակչությանը։ Դա կարեւորելով՝ առաջ ենք մղում եվրոպական գաղափարը, որովհետեւ այնտեղ ապրող մարդկանց մեծ մասը երբեւէ եվրոպացի չեն տեսել, եվրոպական ավտոմեքենաներ չեն տեսել։ Հիմա նրանք դա տեսնում են ամեն օր, ընդհանրություն են զգում եվրոպական գաղափարի հետ, եվրոպացիներն իրենց տարածքում են, իրենց մոտ են։ Երբ մենք 2023թ. փետրվարին եկանք, իմ կարծիքով, մարդկանց լրջագույն մտահոգությունն անվտանգության հարցն էր։ Մարդիկ վախենում էին, որ կլինի նոր հակամարտություն, նոր պատերազմ, եւ այդ ռիսկն ինչ-որ առումով անհետացել է մեր ներկայության շնորհիվ։ Ոչ միայն մեր ներկայության շնորհիվ, բայց մենք այս մասով լուրջ դերակատարություն ունեցանք»։ Մարկուս Ռիտերը հայտնեց, որ ավելի քան 6,5 հազար պարեկություն են իրականացրել, եւ ժամանակից ի վեր կարողացել են սահմանի երկայնքով նվազեցնել լարվածությունը։

Այսպիսով, ԵՄ առաքելության ներկայացուցիչը հստակ շեշտեց, որ լինելով անզեն, քաղաքացիական առաքելություն՝ նրանք կարողանում են Հայաստանին օգնել, որպեսզի մեր երկիրը հասնի խաղաղության ու անվտանգության։

ԵՄ-ն Հայաստանի կողքին է` աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

Վերջին ամիսներին Հայաստան-ԵՄ համագործակցության ինտենսիվ շրջան էր: Հունիսի 30-ին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Երեւանում էր: Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության եւ կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերն էին քննարկվել Կայա Կալլասի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:

Կալլասն ընդգծել էր, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։ «Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա», համատեղ ասուլիսում հայտարարեցին Կալլասն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդ օրը հայտարարվեց նաեւ, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ տրվել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, որ ստորագրվել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիրը, եւ որ ՀՀ-ն ու ԵՄ-ն ավարտել են Նոր գործընկերության օրակարգի շուրջ բանակցությունները:

Կալլասի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նշեց, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ էր՝ համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին ու գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքերը։ Նա հայտնեց, որ քննարկումներում կարեւորել են նաեւ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը. «Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը եւ ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որն առավել խորացնելու է Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»։

Միրզոյանն իր խոսքում շեշտել էր, որ այս հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային եւ տարածաշրջանային ինտենսիվ տրանսֆորմացիայի ժամանակահատվածում, եւ որ ձեւավորված անվտանգային ճարտարապետությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների. «Այս միջավայրում Հայաստանն իր անվտանգային համագործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում: Մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային եւ պաշտպանական կախվածությունից։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը նշանակալի դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին, եւ այսօրվա խորհրդակցություններն այս դիվերսիֆիկացիայի ռազմավարության կենսական բաղադրիչ են»: Նա մատնանշել էր, որ Հայաստանի աճող անվտանգային համագործակցության շոշափելի արդյունքն այդ օրը ստորագրած համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունն Ընդհանուր անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության առաքելություններին:

Այսպիսով, հունիսի վերջին հայտարարվեց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Արձանագրվեց, որ այս համապարփակ շրջանակը վկայում է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին եւ արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, ինչպես նաեւ հաստատվել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին ՀՀ օրենքով։

Գործընկերության նոր օրակարգը ձեւակերպում է ավելի խոր, ամուր եւ դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական։ Այն նպատակ ունի իրացնելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջ ներուժը՝ ուղղորդելով ջանքերը դեպի ուժեղացնելու Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ կայուն զարգացան ամրապնդմանը։ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ՝ խթանելու ավելի անվտանգ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական ապագա, ինչպես նաեւ նպաստելու խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։

Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ եւ արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ։ Նախատեսվում է` արտաքին եւ անվտանգության քաղաքականության համագործակցության խորացում. անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլի մեկնարկ՝ Հայաստանի դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու, ինչպես նաեւ հիբրիդային սպառնալիքների եւ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարելու համար։

Տնտեսական դիմակայունության եւ փոխկապակցվածության խթանման առումով` կայուն տնտեսական աճի խթանում տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային ոլորտներում կապակցվածության ընդլայնման միջոցով՝ համահունչ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը եւ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։ Առեւտրի եւ տնտեսական ինտեգրացիայի ընդլայնում. երկկողմ առեւտրի հետագա դիվերսիֆիկացում եւ շուկայի հասանելիության բարելավում՝ ներառյալ ԵՄ ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերին աստիճանական մերձեցում։

Հիշեցնենք, որ Կալլասի երեւանյան այցից երկու շաբաթ անց` հուլիսի կեսերին, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բրյուսել, որտեղ կայացավ եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Այդ հանդիպման արդյունքներով ընդունված մամուլի համատեղ հայտարարությամբ նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին:

Համատեղ փաստաթղթում նշվեց, որ անվտանգության ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է գտել քննարկումներում: «Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ անվտանգության եւ պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության եւ ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը: Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին եւ միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբեռսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները եւ կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»։

Եվրամիության տեղադրած կարճ տեսանյութում հանդիպման մեկնարկի ողջույնի խոսքերն էին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիշեցրել էր իր` անցյալ տարվա հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն ու Հայաստանը կանգնած են ուս-ուսի: Նա նաեւ համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը դերակատարություն է ունենալու Եվրոպայի ապագայում. «Մենք գիտենք, որ ձեր հիասքանչ երկիրը կարող է եւ պետք է դերակատարության ունենա Եվրոպայի ապագայում: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը էական պահ է, որը կարող է վերջ դնել տասնամյակների թշնամանքին, եւ հույս ունեմ, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ: ԵՄ-ն կշարունակի աջակցել ձեզ այս ճանապարհին»:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930