Նեկտար Սիմոնին (Ավդալյան) գրականության սեղանին դրեց իր «Իմ ադեն» պատմվածքաշարի երկրորդ հատորը։ Եթե առաջին գրքում մանկության տարիների հուշապատումն էր Սիմոնի պզտիկ աղջկա կերպարային ռեալությամբ, ով անցնում էր իր մանկության նեղ ու լայն արահետներով, կյանքի նորամուտք, ճանաչողականության միամտությամբ, գունազարդ իր տեսակով, ապա երկրորդ հատորն արդեն հասուն տիկնոջ դիտակետից սլաքն ուղղված էր դեպի ադեի փիլիսոփայական եւ կերպարային իրադարձություններին, նրա բազմաշավիղ մտածողության խնդիրներին։
Գրքի գրավչությունը հեղինակի բացառիկ անկեղծության մեջ է, համոզիչ եւ հայ գրականության արձակին վայել իր վերձգության վկայությամբ։ «Իմ ադեն-2» ուսանելի իր ընթացքի մեջ սերնդային գենոֆոնդը հարստացնող ստեղծագործություն է` անցյալից դեպի ապագա գնացող կենսունակ իր պորտալարով։ Գիրքը սպասված ու որոնելի աղերսներ ունի։
Սեպտեմբերի 17-ին ՀԳՄ-ում կայացավ Նեկտար Սիմոնիի ստեղծագործության շնորհանդեսը, որտեղ անկեղծ խոսքն ու գնահատականը դարձան հեղինակի վաստակի առհավատչյան։ Գրողական ընտանիքը եւ համակիր գրականասերների ընտրանին Նեկտարի ստեղծագործական աշխարհը ընդունեցին, որպես մեր օրերի լավագույն արձակի ներկայություն` նաեւ մեծ ձեռքբերում, ով կարողացավ վերհաստատել, որ ներկան հարուստ է անցյալի արժեքներով եւ գյուղաշխարհը իր կոլորիտային գրավչությամբ միշտ էլ նոր ասելիք ունի իր ընդերքում եւ այդ ճամփան հողի եւ սրտի անխախտելի մտերմություն է։
Գիրքը կմնա արդիական, քանզի բնության եւ արարումների շարունակական ընդերքում է, հողի եւ արմատի մշտական վերաճումով, անխախտելի կապով եւ իրենց ռելիստական շերտազատումներով եւ միստիկ վերարտադրություններով, ալպիական մաքրությամբ։
Մնում է շնորհավորել հեղինակին այս գնահատելի ու արժեւոր ստեղծագործական ձեռքբերման համար։
Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2025