Շատ երկրներ, որտեղ այսօր խաղաղություն է, ավելացնում են ռազմական բյուջեն, վերականգնում պարտադիր զինվորական ծառայությունը։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանն ասում է՝ եվրոպական երկրները կանխատեսում են, որ միջնաժամկետ, առնվազն երկարաժամկետ կտրվածքում գործող աշխարհակարգը կարող է փլուզվել, և ամեն մեկը պետք է կարողանա իր գլխի ճարը տեսնել։ «Այս բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ նրանք գնում են այդ ճանապարհով։ Մասնավորաբար՝ Գերմանիայում խոսում են, որ ՀՆԱ-ի մինչև 5 տոկոս մասնաբաժին պետք է հատկացվի ռազմական ծախսերին, ինչն աննախադեպ է։ ՆԱՏՕ-ի երկրներում, ըստ իրենց կանոնադրության, պետությունները ՀՆԱ-ի մինչև 2 տոկոսն են պլանավորում ծախսել անվտանգության համար։ Բայց ստեղծված իրավիճակը ստիպել է պետության ղեկավարությանը՝ երկարաժամկետ ռազմավարություն մշակել և գնալ այդ ճանապարհով, որովհետև ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ տեղի կունենա։ Նախապես իրենց ապահովագրում են հետագայում այս կամ այն սցենարներին դիմակայելու համար։ Նույնիսկ Եվրամիությունն, ընդհանուր վերցրած, որն անվտանգային կոմպոնենտ չունի, պլանավորում է մինչև 800 միլիարդ դոլար ծախսել անվտանգային ծախսերի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը։
Հայաստանի իշխանություններն ընթանում են հակառակ ուղղությամբ՝ ռազմական բյուջեն չի ավելանալու, ժամկետային զինծառայության ժամկետը ցանկանում են կրճատել։
«Հանրային դաշտում առկա դիտարկումները, որ Ադրբեջանի հերթական պահանջն է իրականացվում, կյանքի իրավունք ունեն, քանի որ նախորդիվ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանից այս կամ այն ձևակերպմամբ պահանջներ են հնչել, և որոշ ժամանակ անց հայաստանյան իշխանություններն այդ նույն պահանջները փաթեթավորել են որպես սեփական նախաձեռնություն և ներկայացրել հանրությանը։ Ծառայության ժամկետը կրճատելու մասին։ Իշխանությունն ասում է, որ կառավարության ծրագրում ֆիքսել են ժամկետային ծառայությունը 1,5 տարի դարձնելու գաղափարը։ Նշում են, որ կյանքի են կոչում կառավարության ծրագիրը, բայց այստեղ շատ կարևոր դրվագ կա։ Երբ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում էին 1,5 տարվա թեման, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ուզում են գնալ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ ստեղծելու ճանապարհով։ Դրա մասին խոսել են և՛ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, և՛ Փաշինյանը, և՛ իշխանության տարբեր ներկայացուցիչներ։ 2024 թվականի փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված իր հայտնի հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ փուլում է համապարփակ պաշտպանության կոնցեպտը, Փաշինյանն ասաց, որ այն իր կողմից հավանության է արժանացել, նաև նշեց, որ ազգային անվտանգության խորհրդի համապատասխան նիստում որոշում է ընդունվել, որ այդ ճանապարհով գնանք։ Այսինքն, ունենք փաստ, որ այդ որոշումը ընդունվել է, և եթե այն կյանքի կոչվեր, այդ տրամաբանության մեջ նորմալ է, որ ծառայությունը դառնար 1,5 տարի, որովհետև համապարփակ պաշտպանությունը ենթադրում է շատ տարբեր կոմպոնենտներ, և 1,5 տարի ծառայելուց հետո մարդը պահեստազորի մաս է դառնում, գիտի, թե այս կամ այն իրավիճակում ինչ գործողություն պետք է իրականացնի։ Հիմա փաստացի չունենք ոչ մի տեղեկություն այն մասին, թե ինչ փուլում է համապարփակ պաշտպանության գաղափարը, և ինչ գործ է արվել անցած 1,5 տարվա ընթացքում։ Իմ խորին համոզմամբ, ոչ մի գործ չի արվել, ենթադրում եմ, որ եթե ինչ-որ բան արված լիներ, դա տեսանելի կլիներ, կամ ինչ-որ ինֆորմացիա կունենայինք դրա մասին։ Առանց այս ամենը կյանքի կոչելու միանգամից գնալ բանակը կրճատելու ճանապարհո՞վ։ Դա լուրջ հետևանքների է հանգեցնելու։ Դա բերելու է մարտական հերթապահության թվաքանակի կտրուկ՝ մոտ 25 տոկոսով նվազմանը։ Իշխանության գործողությունների վերաբերյալ միակ տրամաբանական արձագանքն այն է, որ ընտրություններից առաջ փորձ է կատարվում հանրության որոշակի հատվածի վրա ազդեցություն ունենալ և ձայներ կորզել այդ հատվածից»,-նշում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։