2025 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ոլորտում արձանագրված կտրուկ անկումը, որը հասնում է գրեթե 50 տոկոսի, բացահայտում է ոչ միայն երկրի արտաքին առևտրի կառուցվածքային խոցելիությունները, այլև տնտեսական նոր իրողությունների նկատմամբ անպատրաստ լինելը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները հենց առաջին հայացքից ցույց են տալիս շոկային թվեր, սակայն դրանց խորքային վերլուծությունը հստակորեն վեր է հանում այն պատկերը, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը տարիներ շարունակ մնացել է լրջորեն կենտրոնացված շատ նեղ ապրանքային խմբերի ու աշխարհագրական ուղղությունների վրա։ Իսկ վերջին տարիներին արձանագրված աճերն ու բացարձակ ծավալները հիմնականում պայմանավորված են եղել ոչ թե կայուն արդյունաբերական առաջընթացով կամ նոր շուկաների նվաճմամբ, այլ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններով, հատկապես՝ ոսկու ոլորտում։
Հայաստանի արտահանման աշխարհագրությունն ու կառուցվածքը վերլուծելիս տեսանելի է մի քանի կարևոր միտում։ Ընդհանուր արտահանման մեջ ամենախոշոր բաժինը դեռևս բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 36 տոկոս, ապա՝ ԱՄԷ-ին՝ 27,9 տոկոս, իսկ ԵՄ-ին բաժին է ընկնում ընդամենը 7,8 տոկոս։
Իրականում, եթե չվերցնենք ոսկու շուկայի ժամանակավոր անոմալիաները, ապա արտահանման կառուցվածքի և շուկաների դիվերսիֆիկացիայի առումով առաջընթացը չափազանց սահմանափակ է։ Դեպի Եվրոպական միություն արտահանման ծավալները այս տարվա առաջին յոթ ամսում կազմել են մոտ 347 մլն դոլար՝ արձանագրելով ընդամենը 4,5 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Կարդացեք նաև
Այսպիսի չնչին տեղաշարժը դեպի ԵՄ շուկա փաստում է, որ Հայաստանի արտահանման ոլորտի զարգացման ռազմավարությունը կա՛մ բացակայում է, կա՛մ էլ չի կարողանում արձագանքել միջազգային շուկաների մարտահրավերներին։
Արտահանման ոլորտի խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Վերջին տարիներին տնտեսության մեջ գերակշռող է դարձել ոչ թե արտադրական, գիտահետազոտական կամ բարձր տեխնոլոգիական արտահանումը, այլ վերաարտահանման, հումքային կամ կիսաֆաբրիկատների արտահանումը։ Այս իրավիճակը երկրի համար ստեղծում է կախվածություն արտաքին ապրանքային ցիկլերից, փոխարժեքի տատանումներից, միջազգային պահանջարկի անկումից և քաղաքական ռիսկերից։ Ավելին, արտահանման աճի կամ անկման ցանկացած շեշտակի փոփոխություն անմիջապես ազդում է պետության եկամուտների, վճարային հաշվեկշռի և ֆինանսական կայունության վրա։
Տնտեսական քաղաքականության տեսանկյունից, արտահանման ոլորտում նման խոր անկումը պետք է դիտարկել որպես համակարգային ճգնաժամ, որը պահանջում է ոչ միայն կարճաժամկետ ադապտացիոն քայլեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։