Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2026 թվականի բյուջեի մասին նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողով։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց հիմնական ցուցանիշները․ «Բյուջեի նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5,4 տոկոս։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 մլրդ դրամ։ Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0,4 տոկոսային կետով։ Սպասողականն այս տարվա համար մեկ տոկոսային կետով բարելավումն էր 2024 թվականի համեմատ»։
Նա նշեց, որ պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 մլրդ դրամ։ Պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025 թվականի 5,5 տոկոսի դիմաց՝ միջնաժամկետում նվազելով մինչեւ պարտքի բեռը կայուն պահող 2,8 տոկոս մակարդակի։ Արդյունքում, ըստ նախարարի, կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կանխատեսվում է 53,5 տոկոս։
Բյուջեի նախագծով սահմանվում է առաջնորդվել 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով:
Կարդացեք նաև
«Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ, ԿԳՄԱՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3,3 տոկոսից աճել ենք 3,5 տոկոս։ Եվ առողջապահության նախարարության գծով 1,5 տոկոսից աճում ենք 1,8 տոկոս»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում.
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Հաջորդ տարվա բյուջեն նաեւ պետք է ապահովի եւ սպասարկի կառավարության ծրագրի իրականացման ամփոփիչ փուլը։ Եվ այդ իմաստով 2026 թվականը շատ կարեւոր է՝ սկսած որոշակի գործողություններ իրենց տրամաբանական ավարտին հասցնելու տեսանկյունից, ինչպես օրինակ դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաների հիմնումը։ Կառավարության ծրագրով պլանավորված է, որ 2026-ին մեր բոլոր դպրոցները պետք է ունենան այդ հագեցվածությունը։ Եվ բյուջետային պլանավորման տրամաբանության մեջ հենց այս ցուցանիշներն ու թիրախներն են նաեւ հիմքում ընկած»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ