Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղին սկսել է որպես ընդդիմադիր լրագրող և մինչ օրս, արդեն ավարտելով վարչապետության երկրորդ ժամկետը, պահպանում է այդ տարիների գործելաոճը։ Որոշ իմաստով Նիկոլը եզակի երևույթ է. պետությունների ղեկավարները սովորաբար նախընտրում են ստեղծարար գործունեություն և կառուցողական հռետորաբանություն։ Մինչդեռ Փաշինյանը, երկար տարիներ իշխանության մեջ լինելով, չի կարողանում հրաժարվել ընդդիմադիրի սովորությունից՝ անպայման ինչ-որ մեկին մեղադրել։ Նրա նախընտրած գործունեությունն ավերիչ է՝ կարծես նրա առաքելությունը դեռ պայքարելն է ռեժիմի դեմ, այլ ոչ թե ղեկավարել այն։
Լավ կլիներ, եթե խոսքը վերաբերվեր այն խնդիրներին, որոնք անմիջապես վարչապետի իրավասության ներքո են՝ աղքատություն, տնտեսության գահավիժում, գյուղերում աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա, բնական և տեխնածին աղետներ և այլն։ Բայց ոչ, դա նրան չի հետաքրքրում։ Նրա սուր քննադատության թիրախներն այլ են՝ հայկական ազգային մենթալիտետը, ազգային խորհրդանիշները, ժողովրդի վերաբերմունքը սեփական անցյալի և պատմական հիշողության հանդեպ։ Եվս մեկ «արժանապատիվ» գործ, ըստ Փաշինյանի՝ քայքայել Եկեղեցին՝ մեթոդներով, որոնք ավելի բնորոշ են ծայրահեղական կազմակերպություններին, քան իրավական պետությանը։
Նույնիսկ հայկական հայրենասիրությունը Փաշինյանին դուր չի գալիս։ Վերջերս նա հայտարարեց, որ հայերը «ապրում են Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի հայրենասիրության մոդելով», որը պետք է քանդել և հայրենիք սիրել այլ կերպ՝ հավանաբար, փաշինյանական ձևերով։ Դե, գուցե պետք է ոչնչացնել նաև ընտանիքի ինստիտուտը՝ որպես խորհրդային անցյալի մնացորդ:
Անհասկանալի է, թե ինչու քաղաքական գործիչը՝ մոտ 13% վարկանիշով, կարծում, որ ունի իրավունք և հնարավորություն՝ վերադաստիարակելու մի ամբողջ ազգ։ Բայց ինչ արած, Փաշինյանը պարզապես շատ վատ կարծիք ունի Հայաստանի մասին, և որոշել է վերափոխել այն։ Իր վերջին ուղերձներում՝ ուղղված Տեր-Պետրոսյանին, Փաշինյանը առաջին նախագահի օրոք տեղի ունեցած գործընթացները, ըստ էության, համարեց «ագրեսիա» և «օկուպացիա»: Գուցե նա պարզապես որոշել է պատժել Հայաստանը՝ իր կարծիքով գործած մեղքերի համար։
Կարդացեք նաև
Վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվելու է Չորրորդ Հանրապետություն՝ փաստելով, որ ըստ իր կառավարման արդյունքների՝ նա հիմնաքանդ է արել Երրորդ Հանրապետությունը։ Հիանալի Չորրորդ Հանրապետություն՝ ադրբեջանական էքստերիտորիալ գոտի Սյունիքում, նոր Եկեղեցի (որտեղ ամեն ինչ կլինի Փաշինյանի ճաշակով), ազգային խորհրդանիշների արգելք, ցեղասպանության հիշատակի ջնջում, առանց Արարատի՝ զինանշանի վրա: Եվ, հնարավոր է, մեկ երրորդ կամ նույնիսկ կես ադրբեջանական բնակչություն…
Դե լավ, թող այդպիսի Չորրորդ Հանրապետությունում ապրի հենց Փաշինյանը, իսկ մենք՝ հայերս, պարզապես կընտրենք այլ իշխանություն։
Հանուն արդարության պետք է նշել, որ Փաշինյանի օգտագործած մանիպուլյացիաները հաճախ արդյունավետ են ազդում լսարանի վրա։ Նրա ելույթները առաջին հայացքից թվում են անհեթեթություն, անկապություն և հիստերիա, բայց իրականում դրանք հմուտ սադրանքներ են։ Լրագրողական փորձն այստեղ օգնում է:
Փաշինյանը գիտի, թե ինչպես անմեղին էլ կարող է «մրոտել» դատարկ տեղը, գիտի՝ ինչպես հակառակորդի (բայց ոչ՝ արտաքին, միայն՝ ներքին) ճամբարում սերմանել կոնֆլիկտ և պառակտել այն, գիտի՝ ինչպես գտնել դաշնակիցներ՝ իր նման ավիրողներ (նաեւ՝ հոգեւորականների շրջանում)։
Եթե դուք կարծում եք, որ Փաշինյանը պարզապես խեղկատակի դեր է կատարում, ապա նա արդեն ձեզ գերազանցել է։ Խեղկատակ, որը երկու ժամկետ պահել է իշխանությունը՝ չնայած պատերազմում պարտությանը և Հայաստանը մաս առ մաս հանձնել է դարավոր թշնամուն՝ սա նոնսենս է։ Մենք գործ ունենք հմուտ մանիպուլյատորի հետ, որը հիանալի հասկանում է, թե ինչ է անում։
Փաշինյանի վերջին մանիպուլյացիաներից է՝ նրա կիսակապակցված ուղերձը, որտեղ նա կոչ է անում երեք նախկին նախագահներին գալ բանավեճի՝ այն բանտախցում, որտեղ ինքը նստած է եղել, և իրենց հետ բերել նաև Կաթողիկոսին։ Ոչ, դա գինովցած մարդու խոսք չէ, ինչպես որոշներին թվացել է։ Սա լավ հաշվարկված քայլ է՝ նա ստիպում է լսողին ընկալել ամբողջ ընդդիմությունը որպես միասնություն՝ «նախկիններ», որոնք ավանդաբար ընդունվում են ընտրողների կողմից առանց ոգևորության, և այդ միասնության մեջ ներառում է նաև Վեհափառին։ Եվ նաև ստեղծում է տպավորություն, որ Գարեգին Երկրորդը ինչ-որ կապ ունի ընդդիմության հետ:
Սակայն անվերջ հայերին հիմարի տեղ դնել չի կարող նույնիսկ ամենահմուտ մանիպուլյատորը, և Փաշինյանի օրերը վարչապետի պաշտոնում արդեն հաշված են։ Իսկ նոր իշխանությանը, որը կգա նրանից հետո, պետք է վերականգնի այն, ինչ նա քանդել է։ Դա դժվար կլինի՝ Փաշինյանը խարխլել է ապագա վերականգնման շատ հիմքեր։ Սակայն հայերի մեծամասնությունը կհամաձայնի՝ Փաշինանի հեռանալով վատագույնը կմնա անցյալում։
Մարիամ Ղազարյան