Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Իր գաիշնիկ եղած ժամանակ ես մարզպետ եմ եղել, մինչեւ իր պատգամավոր լինելը դեսպան եմ եղել, պետության ղեկավարներն ինձ դիմել են՝ «Նորին Գերազանցություն»

Սեպտեմբեր 25,2025 15:26

ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում այսօր առավոտյան հաջորդաբար ընտրողների հետ հանդիպում պետք է անցկացնեին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից Արմեն Խաչատրյանը, իսկ 15:00-ին եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ինչպես միշտ օրենքով սահմանված կարգով բոլոր երեք հանձնաժողովներում էլ գրանցվել էր, սակայն առաջին երկուսում ՔՊ-ական պատգամավորները միայն նրան նպատակահարմար չգտան արժանացնել ընդունելության:

Այս առիթով Էդգար Ղազարյանը լրատվամիջոցներին ասաց, որ եթե ընդունելության գալիս են իշխանական պատգամավորները, նրանք ուղղակի խտրական վերաբերմունք են ցուցաբերում: «Ինձ տեղեկացվեց, որ կոնկրետ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում գրանցված եղել է եւս երկու քաղաքացի: Նրանք արժանացել են ընդունելության: Ուզում եմ հիշեցնել, որ սա Ծովինար Վարդանյանի վարքագծում արդեն կրկնահանցագործության դրսեւորում է: Սա նշանակում է, որ ըստ երեւույթին գոյություն ունի ինձ ընդունելության չարժանացնելու  ՔՊ խմբակցության որոշում:

Աժ կանոնակարգը խմբակցությանը նման իրավասություններ չի տալիս, այսինքն, յուրաքանչյուր պատգամավոր պիտի անհատապես գործի: Ես նախապես ասել եմ եւ իրենք գիտեն, որ իմ հանդիպման հիմնական թեման վարչապետին անվստահություն հայտնելու հարցն է: Եվ իրենք փաստորեն խուսափում, վախենում են այդ հարցի շուրջ քննարկումներ ունենալ քաղաքացիների հետ»,-ասաց հանրային գործիչը:

Այդ ընթացքում ընդունարանի աշխատակիցը նրան տեղեկացրեց, որ իշխող խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նույնպես միայն Էդգար Ղազարյանին ընդունել հրաժարվում է, ինչի առիթով Էդգար Ղազարյանն ասաց. «Հիմա եթե ես վարորդ լինեի, Արմեն Խաչատրյանն էլ պատգամավոր չլիներ, այլ լիներ գաիշնիկ: Եթե ես խախտում արած լինեի, ինքը կանգնեցնելու էր չէ՞: Բա, հիմա եթե ինքն է խախտում անում, ես իրեն ի՞նչ անեմ: Դիմում եմ մեր քաղաքացիներին: Եթե ինքը պատգամավոր է, ունի քաղաքացուն ընդունելու պարտականություն եւ իր պարտականությունը չի կատարում, մենք ի՞նչ պետք է անենք: Ինքը փող է ստանում իմ վճարած հարկերից, իմ չստացած եկամուտներից:

Ուրիշ որեւէ պայմանում Արմեն Խաչատրյանի ոչ ինտելեկտուալ, ոչ մարդկային, ոչ մասնագիտական կարողությունները ինձ հետաքրքիր չեն: Ես եկել եմ հանրային պաշտոնյայի մոտ ընդունելության: Իր այս վարքագիծը արկածախնդրություն է, ոնց որ հրահրի լարվածություն, կոնֆլիկտ:

Այս ամեն ինչի մեջ նաեւ մարդկային գործոն կա. ով է քաղաքացին, որ խնդրում է ենթադրենք հանդիպում Արմեն Խաչատրյանի հետ: Իմ կենսագրությունը եթե համեմատության մեջ դնենք Արմեն Խաչատրյանի կենսագրության հետ, 3-4 կենսաբանական կյանք ինքը որ ապրի, իմ ձեռքբերումների, հաջողությունների կեսը չի կարող ունենալ, որ մեջտեղից ճղվի, գիտությունների թեկնածու չի կարող լինել: Ու ինքը հիմա մերժում է գիտությունների թեկնածու դոցենտի հետ հանդիպումը:

Իր գաիշնիկ եղած ժամանակ ես մարզպետ եմ եղել: Գաիշնիկի հանդիպումը մարզպետի հետ իրադարձություն կլիներ իր կյանքում: Մինչեւ իր պատգամավոր լինելը ես դեսպան եմ եղել: Պետության ղեկավարները իմ պաշտոնավարման շրջանում ինձ դիմել են որպես «Նորին Գերազանցություն»: Հասկանո՞ւմ եք, ինչ անոմալիայի հետ գործ ունենք հիմա, ովքեր են մեր փոխարեն որոշումներ կայացնում, ինչ որոշումներ են կայացնում եւ ոնց են փախնում իրենց կայացրած որոշումների պատասխանատվությունից»,-ասաց արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930