Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերականգնում»՝ աշխարհի աչքին թոզ փչելու համար. «Գեղարդ»

Սեպտեմբեր 25,2025 15:45
«Գեղարդ». Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ:

Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։

«Պետությունը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։ Սա ադրբեջանցի ժողովրդի և պետության բազմամշակութային քաղաքականությունն է, ինչպես նաև՝ բարոյական գերազանցությունը»,- համաժողովին ասել է Փաշազադեն։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեին հարկ է հիշեցնել 1990-ական թվականներին կամ դրանից հետո կառուցված հայկական եկեղեցիների, հասարակական նշանակության շենքերի, կանգնեցված խաչքարերի ու հուշարձանների, նաև՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգված ոչնչացրել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարյա հետքն Արցախում, իսկ «աղվանական» անվան տակ բռնայուրացնում է միջնադարյան կառույցները։

Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ և հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը։ Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» և հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։

«Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամ անունով հայտնի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է կարճ ժամանակ անց։ Հայկական հռչակվածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցվել է հեռահար հրթիռներով։ Վնասված եկեղեցին տևական ժամանակ ծածկված է շինարարական ցանցով և հայտնի չէ, թե ինչ աղավաղումների է ենթարկվել։

Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, փաստագրված է թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներով։ 2025 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է նոր զեկույց՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է, և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ ստուգելու և փաստագրելու կրոնական ու մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի վարած քաղաքականությունը նման է թուրքական իշխանությունների քաղաքականությանը․ վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարյուրավոր եկեղեցիներ արդեն քանդվել կամ վերածվել էին մզկիթների։

Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։

Մի՞թե սա է Փաշազադեի նշած «բարոյական գերազանցությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930