Սույն թվականի սեպտեմբերի 22-25-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) անցկացվեց «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողովը։ Այն միավորեց անվանի քիմիկոսների, երիտասարդ գիտնականների աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելու հետազոտությունների արդյունքներ, անցկացնելու քննարկումներ և փոխանակվելու փորձով, ստեղծելու նոր համագործակցություններ։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց․ «Այսօր նման հանդիպումներն առավել քան երբևէ պահանջված են՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և այն ընթացիկ ու սպասվող մարտահրավերները, որոնց դիմակայելու համար մարդկությունը պետք է պատրաստ լինի։ Այդ մարտահրավերներին դիմագրավելու համար, նախևառաջ, աշխարհի ժողովուրդները պետք է համախմբվեն, միավորվեն և պատրաստվեն։ Պատմությունը ցույց է տվել, որ նման ժամանակներում գիտությունը, կրթությունն ու մշակույթը միշտ վճռորոշ դեր են խաղացել ժողովուրդների միավորման գործում։
Բարձր տեխնոլոգիական գիտական հետազոտությունները կենսական անհրաժեշտություն են։ Այս համատեքստում գիտնականների միջև հաղորդակցությունը, համագործակցությունը և միջազգային գիտաժողովները չափազանց կարևոր են»։
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, նշեց. «Մեր Կենտրոնն այս գիտաժողովի կազմակերպիչներից մեկն է։ 2022թ․Կենտրոնի և Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել գիտահետազոտական գործունեության, ինչպես նաև գիտական միջոցառումների՝ գիտաժողովների, սեմինարների կազմակերպման նպատակով։ Այս միջազգային գիտաժողովը տեղի է ունենում Հայաստանում այս համաձայնագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ։ Մենք կարևորում ենք նման գիտաժողովների անցկացումը, որոնք նպաստում են փորձի փոխանակմանը, գիտական արդյունքների քննարկմանը և միջավայր են ստեղծում երիտասարդ գիտնականների արդյունավետ համագործակցության և գիտության հետագա բարգավաճման համար։ Մաղթում եմ բոլորիդ հետաքրքիր զեկուցումներ և արդյունավետ աշխատանք»։
Կարդացեք նաև
Գիտաժողովի գաղափարի հեղինակ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի Մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար, Եվրոպայի ակադեմիայի անդամ Վալենտին Անանիկովն ասաց․ «Հիշում եմ, երբ ասպիրանտ էի՝ 1996 թվականին, խոսվում էր քիմիայում համակարգիչների ներմուծման մասին։ Ոմանք ասում էին, որ համակարգիչները շուտով կփոխարինեն քիմիկոսներին՝ կատարելով նրանց աշխատանքը, սինթեզելով միացություններ, դեղեր և այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ համակարգիչները հիանալի գործիք են, բայց չեն փոխարինել քիմիկոսներին։
Այնուհետև հիշում եմ ևս մեկ միտում՝ մոտ 2000 թվականին։ Դա գալիս էր նանոգիտության ու նանոտեխնոլոգիայի ոլորտից, կարծես քիմիան ամբողջությամբ պիտի անցներ նանոտեխնոլոգիայի ոլորտ։ Դա շատ հետաքրքիր միտում էր, բայց քիմիկոսները, այնուամենայնիվ, մնացին։
Հիմա էլ ասում են, որ արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը շուտով կփոխարինեն քիմիկոսներին։ Սա ևս հրաշալի նոր միտում է, բայց վստահ եմ՝ ժամանակ անց դրանք կլինեն պարզապես արդյունավետ գործիք քիմիայի համար, սակայն քիմիան կմնա»։
Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան զեկուցումներով՝ նվիրված օրգանական սինթեզին, կատալիզին, բժշկական, գերմոլեկուլային, հետերոցիկլիկ քիմիային, նյութագիտությանը, քիմիայում, կենսաբանությունում, բժշկության մեջ ժամանակակից թվային տեխնոլոգիաներին։
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Oրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ն․Դ․ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին