Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ դատարանը օրինական համարեց Գիորգի Կինոիանիի ժամանակավոր կալանավորումը

Սեպտեմբեր 25,2025 19:08

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանիի գործով ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է Գիորգի Կինոիանիի իրավունքների պաշտպանությունը։

«Դատարանը գտավ, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու որոշումն օրինական է։ Մերժեց՝ չգնահատելով այն փաստերը, որ իրականում, պահանջի հիմքում ընկած են ապօրինի, ինքնահռչակ հանրապետության ինքնահռչակ դատարանի կողմից կայացված դատավճիռներ եւ, որ ըստ, էության, մարդու իրավունքների կոնվենցիայով պայմանավորող կողմի կողմից ներկայացվող պահանջ չէ։ Սա կարեւորագույն հարց է, որը պետք է քննարկման առարկա դարձվի ՀՀ-ի կողմից»,- ասաց Անի Չատինյանը՝  հավելյալ մեկնաբանություններ չանելով, քանի որ որոշման հիմնավորումներին դեռ չի ծանոթացել։

Այժմ մի բան է հստակ՝ այս որոշումը բողոքարկվելու է ՀՀ վճռաբեկ դատարանում․ «Իրավական հարցերը, գնահատականներն այնպիսինն են, որոնք օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից քննարկման ենթակա են եւ ի հակառակ նրան, որ, ըստ էության, ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի պահանջ ենք կատարում, իրավական գնահատական այս հարցին, այնուամենայնիվ պիտի տրվի»։

Եթե իրավական գործընթացն այնպես ընթանա, որ ՀՀ-ում Գիորգի Կինոիանիին ՌԴ-ին արտահանձնելու որոշում կկայացվի, նաեւ դա կվիճարկվի։

Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Վրաստանի սահմանային Գոգավան անցակետում Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են, ըստ որոշ տվյալների, ազգությամբ հայ, սակայն Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանիին, ազգանվան հայերեն տարբերակը՝ Կինոյան։ ՌԴ իշխանությունները նրա նկատմամբ հայտարարել էին միջպետական հետախուզում՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ուկրաինայի կողմից վարձկանությամբ մասնակցելու մեղադրանքով։ Գիորգի Կինոիանիին հեռակա կարգով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Այժմ Հայաստանը քննարկում է ՌԴ-ին նրա արտահանձնման հարցը։ Իսկ մինչ այդ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Գիորգի Կինոիանիին ժամանակավոր կալանքի տակ պահել։

ՀՀ արդարադատության նախարարությունից լրատվամիջոցներին փոխանցել էին, որ առկա փաստաթղթերով եղել են կալանավորման հիմքեր, ուստի նախարարությունը տվել է դրական դիրքորոշում, կալանավորումն իրականացնելու համար։

Անի Չատինյանը լուրջ վերապահում է հայտնում այն իրավական գործընթացների առիթով, որոնք ձեռնարկվել են իրենց պաշտպանյալի հանդեպ։ Առանցքային մտահոգությունն այն է, որ Կինոյանի դեմ հեռակա դատավարությունն ու դատավճիռը կայացրել է Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում գործող դատարանը․ «Դոնեցկի հանրապետություն ճանաչված պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի, Հայաստանը, ՄԱԿ-ը որեւէ փաստաթղթով այս միավորումը չեն ճանաչել, որպես հանրապետություն, հետեւաբար, դրա կողմից կայացված որոշումներն իրավական ուժ ունենալ չէին կարող»։

Նաեւ, այսպիսով, ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի վարկանիշին կարող է հարված լինել՝ երկիրը դարձնելով քաղաքական հետապնդման մասնակից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930