Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության պասիվությունը խոչընդոտում է տեղեկատվության ազատության մասին օրենքի լիարժեք կիրառմանը. Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Սեպտեմբեր 26,2025 14:26

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացնում է ոլորտի հիմնախնդիրները, որոնք անհապաղ պետք է լուծում ստանան։

Թերի և անհիմն պատասխաններ։ Տեղեկություն տնօրինող պետական մարմինները տեղեկություն ստանալու հարցումներին որոշ դեպքերում տրամադրում են թերի կամ ընդհանրական պատասխաններ։ Թեև դիմողներին տրվում է պատասխան՝ օրենքով սահմանված ժամկետներում, սակայն փաստացի դիմողը չի ստանում իր հայցած տեղեկությունները։ Մերժումները շատ դեպքերում անհիմն են կամ հիմնավորված են ոչ պատշաճ հիմքերով։ Այս տարի հատկապես աճել է լուռ մերժումների թիվը (2025 թվականի հունվար-օգոստոս ամիսերի տվյալներով՝ 10.5%):

Տեղեկության տրամադրման ժամկետների խախտումներ։ Տեղեկություն ստանալու հարցումների առնվազն ⅓-ին տրվում է ժամկետանց պատասխան։ Գրանցվել են դեպքեր, երբ հարցումների պատասխանները տրամադրվել են ամիսներ անց։ Բացի այդ, պետական մարմիները որոշ դեպքերում չարաշահում են վերահասցեագրման լիազորությունը, ինչպես նաև պատասխանները հետաձգելու օրենքով սահմանված հնարավորությունը՝ առանց պատշաճ հիմնավորման։ Գրեթե ամեն երկրորդ հարցման պատասխանը տրվում է լրացուցիչ 30 օրվա ժամկետում, ինչը լուրջ խոչընդոտ է հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության տեսանկյունից։

Պրոակտիվ հրապարակայնության ոչ բավարար մակարդակ։ Պրոակտիվ հրապարակայնության որակը ոչ բավարար է։ Շատ պետական մարմիններ օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չեն հրապարակում ժամանակին և լիարժեք կամ հրապարակում են թերի։ Միաժամանակ, հրապարակման ֆորմատը, ժամկետները և բովանդակությունը տեղեկությունները դարձնում են անհասկանալի, ոչ մատչելի կամ օգտագործման համար ոչ պիտանի։
Թվային գործիքների անարդյունավետ կիրառում (e-request. am)։ Չնայած էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում ընդգրկված են գրեթե բոլոր տեղեկություն տնօրինող պետական մարմինները, գործնականում այդ մարմիններին հարթակի միջոցով շատ քիչ հարցումներ են ուղարկվում։ Որոշ դեպքերում մարմինները չունեն բավարար կարողություն պատշաճ ձևով արձագանքելու հարթակով ստացված հարցումներին։ Միաժամանակ, հարթակում բազմաթիվ են տեխնիկական խնդիրները։

Միասնական վիճակագրության բացակայություն։ Պետական մարմինների մի մասը չի ապահովում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր վիճակագրության հրապարակումը․ տվյալները հրապարակվում են տարբեր ժամկետներով, ձևաչափերով և թերի։ Մերժումների հիմքերը շատ դեպքերում պատշաճ չեն ներկայացվում, իսկ մի շարք գերատեսչություններ ընդհանրապես չեն հրապարակում տարեկան վիճակագրություն։ Սա հանգեցնում է ոլորտի միասնական վիճակագրության բացակայության։

Անկախ լիազոր մարմնի բացակայություն։ Տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի կամ հանձնակատարի ինստիտուտի բացակայությունը շարունակում է մնալ ՏԱ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը։ Քաղաքացիները զրկված են պաշտպանության արագ և արդյունավետ արտադատական մեխանիզմից, իսկ դատական բողոքարկումը ժամանակատար է և թանկ։ Արտադատական պաշտպանության մեխնիզմի կարևորության մասին նշված է նաև Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 5-րդ փուլի զեկույցում, որում Հայաստանին տրված հանձնարարականները ներառում են ՏԱ օրենսդրության կիրառման անկախ գնահատում, մերժումների վիճակագրության հրապարակում և անկախ վերահսկող մարմնի ստեղծում։ Կառավարության պասիվությունը խորացնում է համակարգային խնդիրները և խոչընդոտում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրառմանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930