Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՛ս կծեփեմ Նիկոլ Փաշինյանին, ոչ անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը․ հինգ րոպե չի դիմանա բանավեճին»․ Լևոն Զուրաբյան

Սեպտեմբեր 26,2025 15:08

«Ես նորմալ եմ համարում բոլոր այս քննարկումները, քանի որ իսկապես Նիկոլ Փաշինյանը հանցանքներ է գործել մեր ժողովրդի նկատմամբ, ու պետք է հեռացվի,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ հիմնադիր նախագահը չի կարող անտարբեր, անմասն լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ, երբ այն վտանգված է։ Լրագրողները խնդրեցին փակագծեր բացել, Լևոն Զուրաբյանն արձագանքեց․ «Թողեք ինտրիգը կամաց-կամաց բացվի»։

Հարցին՝ ՀՀ նախկին նախագահների համախմբում հնարավոր համարո՞ւմ եք, նա պատասխանեց․ «Նույն գետը երկու անգամ չեն մտնում։ Երբ 2021-ին իսկապես պետք էր այդ համախմբումը, Տեր-Պետրոսյանն առաջարկն արեց, բայց դա չկայացավ։ Հիմա նոր լուծումներ պետք է փնտրել։ Պետք է լինի լայն համախմբում քաղաքական ուժերի, հեղինակավոր անհատների։ Սա պիտի դառնա համաժողովրդական շարժում։ Մինչև ժողովուրդը ոտքի չկանգնի, ոչ մի հարց չի լուծվի»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնալո՞ւ եք, Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ «Ես կազմ պատրաստ եմ։ Եթե Փաշինյանը նախապայման է համարելու, որ ես պիտի լիազորագիր ստանամ Տեր-Պետրոսյանից, այդ դեպքում ես դրանով լրջորեն կզբաղվեմ։ Մինչև հիմա լիազորագիրը երգիծական ժանրի բան էր՝ ծաղր Փաշինյանի հիստերիկ ֆեյսբուքյան գրառումների նկատմամբ։ Երբ խոսքը 2019-ի պլանի բացահայտման մասին է, էդ մարդն ընկնում է հիստերիայի մեջ և փորձում խոսակցությունը շեղել նրանով, որ իր հետ պետք է գնան բանավիճեն։ Դու էդ հարցը մի հատ լուծի։ Հրապարակիր բոլոր պլանները, թող ժողովուրդն իր դատն անի։ Դա իրենց համար մահ է, չեն անի»։

Լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ-ականներն ասում են, թե վախենում են Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր հետ բանավիճողներին կծեփի պատերին, Լևոն Զուրաբյանն այսպես արձագանքեց․ «Ե՛ս կծեփեմ Նիկոլ Փաշինյանին, ոչ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հինգ րոպե չի դիմանա»։

Այն, որ ՔՊ-ականները, որոնք ժամանակին ՀԱԿ-ի մեծ երկրպագուն էին, հիմա իրար հերթ չտալով քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, Լևոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց․ «Բանդայի օրենքն է․ եթե ուզում են հավատարմությունը ստուգել, բանդաներում զենքը դնում են ստուգվողի ձեռքը, ասում՝ մեր թշնամուն ոչնչացրու, որ հասկանանք՝ դու իրենց հետ չես, այլ՝ մեզ հետ։ Էն մարդիկ, որոնք ամենալևոնականն են եղել այդ թիմում, իրենց պարտադրում են այդ թեստային կրակոցը կատարել»։ Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ինքը վատ հարաբերությունների մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, մի՞թե պետք չէր իրեն ժամանակին լսել, Լևոն Զուրաբյանը ծիծաղով պատասխանեց․ «Ասողին լսող է պետք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930