Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում․ բարդությունների, բազմաբնույթ ազդեցության և պատասխանատու օգտագործման հարցերի հասցեագրում» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց բանավեճին։
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակակից աշխարհում հակամարտությունների անկանխատեսելի բնույթը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի կիրառումը, և շեշտել, որ դրանց հետևանքով առաջանում են լուրջ մարդասիրական և իրավական խնդիրներ, և դրանց անվերահսկելի տարածումը կարող է անկայունություն ստեղծել առանձին մարտադաշտերից շատ ավելի հեռու:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է. միջազգային իրավունքը, և, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ՝ օրինականության, համաչափության, նախազգուշացման և տարբերակման սկզբունքները, պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի: Մենք խորապես համոզված ենք, որ այս սկզբունքները չեն կարող խախտվել կամ ընտրողաբար կիրառվել նոր տեխնոլոգիաների համատեքստում»։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական բանականության ռազմական կիրառման հնարավոր օգուտների վերաբերյալ քննարկումները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ պետությունների միջև գոյություն ունենան կարգավորումներ և ընդհանուր ըմբռնում: Կարևորել է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի՝ որպես համախբող կամուրջի դերը՝ տվյալ հարցում տարաձայնությունների հաղթահարման և առավել ներառական երկխոսության ապահովման գործում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ