Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Սարգսյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը դիրքորոշումը չի վերանայել․ Վահագն Գրիգորյան

Սեպտեմբեր 26,2025 19:04

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի գործով ՀՀ դատախազությունը դիրքորոշումը չի վերանայել․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Վահագն Գրիգորյանը։

Ամիսներ առաջ ՍԴ-ն հրապարակել էր ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի սահմանադրականության հարցով որոշումը։ Իրավասու մարմինը՝ ՀՀ դատախազությունը, սկսել է քննարկումներ անել՝ տարբեր գործերով դիրքորոշում ձեւավորելու համար։ Որոշում է կայացվել՝ յուրաքանչյուր գործ առանձին քննարկել եւ առանձին որոշումներ կայացնել։

Փաստաբան Վահագն Գրիգորյանի դիտարկմամբ, դատախազությունը ՍԴ որոշումից հետո շատ քիչ գործերով է դիրքորոշումը փոխել․ «Դատախազությունը հիմնականում փորձում է ինչ-որ մանիպուլյատիվ մեկնաբանություններով իրեն ձեռնտու լույսի ներքո ներկայացնել ՍԴ որոշումը։ Կարող եմ ասել, որ այդ որոշումը չի հարգվում այն տեսքով, որ տեսքով որ ընդունվել է ՍԴ-ի կողմից։ Դատախազությունն այդ որոշումն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել»։

Հիշեցնենք, որ այս համատեքստում, ՀՀ դատախազությունը հրաժարվեց Գագիկ Ղազինյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ հայցից։ Շատ այլ գործերով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ դատախազության դիրքորոշման բացակայության պատճառով։ Հիշեցնենք նաեւ, որ վերջերս դատախազությունում պաշտոնանկություններ եղան․ աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն, ազատվել էին ՀՀ դատախազության՝ ապօրինի գույքի գործով բաժնի մի քանի դատախազներ։ Ենթադրություններ կան, որ այս ազատումները դատախազների վրա քաղաքական ճնշման արդյունք են։

ՍԴ որոշման համաձայն, հիշեցնենք․

1․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո։

2․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

3․  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը»։

Իսկ Լեւոն Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստերը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում են փակ ռեժիմում։ Դատավարությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, հետազոտվում են բանկային գաղտնիքներ։ Առաջիկա մի քանի նիստերը նույնպես փակ կլինեն։

Հիշեցնենք նաեւ, որ Լեւոն Սարգսյանը հետախուզման մեջ է, նա Հայաստանում չէ։ Ըստ դատախազության, Սարգսյանների 6 միլիոն 800 հազար դոլարի ավանդը, 9 անշարժ գույքը, 2 մեքենան, ինչպես նաեւ մասնակցությունը 3 կազմակերպություններում՝ անօրինական է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930