Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովությունը ձևավորվում է նաև մեր բոլորի շնորհիվ, քանի որ խնդիրները լուծվում են, երբ մենք դրանց մասին խոսում ենք. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբեր 26,2025 20:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Ամենամյա երիտասարդական ֆորում» 2025-ը։

Բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պատգամավորներ, ԵՄ պատվիրակության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ, երիտասարդական ՀԿ-ներ, երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից:

Եռօրյա երիտասարդական ֆորումի նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել ՀՀ 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, երիտասարդական աշխատողների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների՝ քննարկելու երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակայությունները և պետությունից ու ՏԻՄ-երից երիտասարդների ունեցած ակնկալիքները։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ֆորումն այն լավագույն հարթակն է, որը հնարավորություն է տալիս լսելի դարձնելու երիտասարդների ձայնը:

«Քաղաքականություն մշակելիս շատ կարևոր է հաշվի առնել այն խնդիրները, որոնք բխում են երիտասարդների օրակարգից և շահերից։ Շատ հարցեր կան, որ քաղաքականությունների մշակման տիրույթում հայտնվում են հենց երիտասարդների շնորհիվ, քանի որ այդ հարցերն ուրիշ ոչ ոք չի բարձրացնում: Այդ հարցերի մասին տեղեկանալու և դրանց լուծումները գտնելու համար կարիք կա նրանց հետ խոսելու, և այս ֆորումն առաջին հերթին այդ խոսակցության կայացման հարթակ է»:

Նախարարը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ ֆորումին մասնակցելով՝ երիտասարդները կրում են պատասխանատվություն իրենց տարեկիցների ձայնը ևս բարձրացնելու, նրանց իրազեկելու և քաջալերելու:

Նախարարն անդրադարձել է նաև 2025-2026 ուստարվա խորագրի բովանդակությանը՝ «Ապահով և անվտանգ կրթական միջավայր»:

«Ապահովությունը ձևավորվում է նաև մեր բոլորի շնորհիվ, քանի որ խնդիրները լուծվում են, երբ մենք դրանց մասին խոսում ենք: Ուստի, մի վախեցեք ձեր կարծիքն արտահայտելուց և խնդիրներից խոսելուց: Այն փոփոխությունները, որոնց մասին մենք հաճախ խոսում ենք, սկսվում են մեզնից, յուրաքանչյուրիս վարքից, որը պետք է միտված լինի այդ փոփոխությանը»,- ասել է նախարարը՝ մաղթելով ֆորումին հաջող ընթացք:

Ֆորումի շրջանակում բանախոսությամբ հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով պետության հանձնառությունները «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի» ընդունման համատեքստում:

Ֆորումի արդյունքում երիտասարդների կողմից կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի պատասխանատու գերատեսչություններին։

Այս տարվա ֆորումի շրջանակում նախատեսվում են քննարկումներ, որոնք վերաբերում են երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը, կամավոր աշխատանքի և կամավորության մշակույթի զարգացմանը, տեղական մակարդակում համայնքային երիտասարդական աշխատանքի զարգացման հնարավորություններին, «Երիտասարդական աշխատանք» մասնագիտության ճանաչմանը և այլն:

Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից։

Ֆորումն իրականացվում է GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից, ինչպես նաև «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930