Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի գիտաշխատող Արմինե Տիգրանյանի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ․ մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» մենագրությունը:
Մենագրությունը նվիրված է 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, ռասայական ատելության, խտրականության և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետևանքով իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի բազմակողմ խախտումների ուսումնասիրությանը և դրանց պաշտպանության մեխանիզմների ներկայացմանը։
Աշխատանքում հիմնվելով մշակույթի իրավունքի պաշտպանության միջազգային նորմերի, զեկույցների, բանաձևերի և տեսական աղբյուրների քննական վելուծության վրա՝ ներկայացվում են մշակույթի իրավունքի հայեցակարգային շրջանակը, հիմնական բաղադրատարրերը, համայնքի մշակութային կյանքին մասնակցության պայմանները և այդ մասնակցության խոչընդոտման հետևանքները։
Վերլուծվում են արցախահայության մշակույթի իրավունքի խախտումները, որոնք տեղի են ունեցել զինված բախումների, բռնի տեղահանության, մշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման, խեղաթյուրման, ոչ նյութական ժառանգության պահպանման ու վերստեղծման խափանման, Արցախի բնապատմական միջավայրից օտարման և ժառանգության տարածքներ մուտքի արգելքի հետևանքով։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվում նաև բռնի տեղահանության միջազգային արգելքներին և դրա երկարաժամկետ բացասական ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի մշակութային համայնքների կազմաքանդման համատեքստում։ Լեռնային Ղարաբաղի Հադրութի և Շուշիի շրջաններից բռնի տեղահանված արցախահայության հետ խորացված և ֆոկուս-խմբային հարցազրույցների վերլուծության միջոցով ներկայացվում են ինքնության պահպանմանն ու շարունակականությանը սպառնացող համակարգային խնդիրները, որոնք պայմանավորված են նյութական, ոչ նյութական և բնական ժառանգությունից հարկադիր օտարմամբ և ավանդական կենսակերպի խեղաթյուրմամբ։ Աշխատանքում միջազգային իրավունքի գործող մեխանիզմների հիման վրա ձևակերպվում են Ադրբեջանի պարտավորությունները՝ հարգել, երաշխավորել և պաշտպանել արցախահայերի մշակույթի իրավունքը։
Գիրքը հասցեագրված է մարդու իրավունքների, մշակույթի իրավունքի և բռնի տեղահանության տեսա-իրավական խնդիրներով զբաղվող մասնագետներին, պետական ու հասարակական կազմակերպությունների, գիտական և կրթական կենտրոններին, ինչպես նաև արցախահայության մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ ընթերցող լայն շրջանակին։
«ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ»