Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ուզո՞ւմ ենք դարձյալ, նորից ու կրկին ևս 30 տարի վճարել կոնֆլիկտի գինը, թե կոնֆլիկտից դուրս գալու գինը․ Լիլիթ Ստեփանյան

Սեպտեմբեր 26,2025 21:45

Օգոստոսի 8֊ի վաշինգտոնյան համաձայնագրերը կարող են դառնալ ոչ միայն ՀՀ և ԱՀ միջև տաք կոնֆլիկտից դուրս գալու պատմական հնարավորություն, այլև որոշակի դրական ազդակներ և քաղաքական իրավիճակ փոխել տարածաշրջանում։ Առավել համարձակ գիտական մեթոդաբանությամբ կանխատեսումները, ներառելով նաև ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման քայլերը և դրանց ստատիկ վիճակը երկխոսության, քաղաքական պրոցեսի վերածելու կատարված ու կատարվող քայլերը, զգուշավոր լավատեսություն են խոստանում նաև ավելի գլոբալ հարցերում։

Գալով առաջ քաշված բարդ, գուցե էմոցիա ու պաթոս պարունակող, մտածողության փոփոխություն ենթադրող վերը ձևակերպված հարցին, առանձնացնենք` ԿՈՆՖԼԻԿՏԻ ԳԻՆԸ։

Այս հարցին կպատասխանի ՀՀ ցանկացած քաղաքացի

1) շուրջ 30 -ամյա տաք կոնֆլիկտ, 30-ամյա սողացող պատերազմ,

2) մարդկային և տարածքային կորուստներ,

3) արտագաղթ,

4) տնտեսության անկում, առաջնային ապրանքների դեֆիցիտ,

5) բյուջեի անհամաչափ բաշխում` ամեն ինչ պատերազմի և ռազմական ոլորտի համար,

6) կրթական, առողջապահական, սոցիալական ծառայությունների վատթարագույն վիճակ, գյուղատնտեսության անկում,

7) փակ սահմաններ, որպես հետևանք նվազագույն ներդրումներ, ներկրումների դժվարություններ, մշտական աճող ռազմական ծախսեր,

8 ) սոցիալ-հոգեբանության մակարդակում` հասարակության բևեռացում, ապատիա, անվստահություն իշխանության նկատմամբ, վախի մթնոլորտ, արտագաղթ, կլանների ձևավորում,

9) կոնֆլիկտը բացառապես իշխանության գալու և այն ամեն գնով պահելու պատրվակ,

10) ՀՀ միջազգային հեղինակության վնաս,

11) ՀՀ քաղաքական, տնտեսական, ռազմական կախվածության ավելացում աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնից, քաղաքական դաշտի դեգրադացիա, էլիտաների սերնդափոխության դժվարություն,

12) Պետության զարգացման անհնար կամ գրեթե անհնար պայմաններ։

Շարքը կարող ենք երկար շարունակել՝ ավելի դետալացնելով այս կամ այն ամրագրումը։

ԿՈՆՖԼԻԿՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԳԻՆԸ ես տեսնում եմ հետևյալ արձանագրումներում`

1) պոտենցիալ պատերազմների, էսկալացիաների չեղարկում, կառավարելի ռիսկեր,

2) սոցիալ-հոգեբանական դաշտում չափազանց դանդաղ, բայց մտածողության փոփոխություն, վստահության մթնոլորտի ձևավորում սեփական պետության, դրա զարգացման հեռանկարի, տեսլականի նկատմամբ,

3) վստահության չափաբաժնի ավելացում սեփական քվեով ձևավորված իշխանության նկատմամբ,

4) արտագաղթի տեմպերի նվազում, գուցե դանդաղ, բայց ներգաղթ,

5) առաջ եկող ինքնության հարցեր, նոր տեսլականի, նոր գաղափարախոսության շուրջ ու դրա վերաբերյալ,

6) տնտեսության ակտիվացում, կենսամակարդակի բարձրացում, նոր առևտրային հարաբերություններ,

7) քաղաքական դաշտի բյուրեղացում,

8) պետության` որևէ կենտրոնից կախվածության նվազեցում,

9) պետական բյուջեի համաչափ բաշխում,

10) hասարակության առողջացում, մշտական վախերից ձերբազատվելու մթնոլորտի ու միջավայրի ձևավորում,

11) միջազգային հարաբերությունների ձևավորման նոր ելակետեր` դառնալով ավելի կանխատեսելի գործընկեր,

12) ցավոտ իրականության հետ առերեսում, սրտի-հոգու և սթափ բանականության բախում,

14) քաղաքական ռիսկերի կառավարում,

15) պետական սահմանների ամրագրում ու սահմանազատում։

Այս շարքն էլ կարող ենք երկար շարադրել։

88-ից հայ հասարակությունը ցնցվել է պատերազմի համար վճարվող գնից։ Վկա` ՀՀ մեծ ու փոքր համայնքների Եռաբլուրները … ամենաթանկն է, որ վճարել ենք մենք։ Եվ, թույլ տվեք ասել, 94թ․-ն մենք չենք ամրագրել մեր հաղթանակը։ Մենք ստորագրել ենք հրադադար, որը ոչ խաղաղություն-ոչ պատերազմ վիճակ էր ենթադրում։ Երիցս այո, աշխարհաքաղաքական կենտրոնին պետք չէր հանգուցալուծված խնդիր. պետք էր անդադար արնահոսող ու չսպիացող վերք, որ տարիներով ձգվող ու հյուծող կոնֆլիկտը դրանում ներքաշված պետություններին կառավարելի ու կախված պահեր իրենից։

Այո, դժվար է։ Դժվար է լինելու։
Բայց շատ հարցեր չեն լուծվում ոչ թե որ լուծում չունեն, այլ որովհետև վատ են ձևակերպված։

Եվ ուրեմն, ամեն աստծո օր սահմանին էսկալացիայի, հերթական զոհի, զոհերի, վիրավորների մասին դառնահամ լուրերի փոխարեն այսօր մենք, որպես հասարակություն, կարող ենք այլ առաջարկ ու լուծում պահանջել քաղաքական ուժերից։

Եվ մենք որպես հասարակություն ինքներս մեզ այսօր պետք է հարց տանք` մենք ուզում ենք դարձյալ, նորից ու կրկին ևս 30 տարի վճարել կոնֆլիկտի գինը, թե կոնֆլիկտից դուրս գալու գինը` ընտրելով իրական սահմաններով ՀՀ-ն։ Թե՞ պատմական արդարության վերականգնման դառը փորձը մեզ կտանի նոր բախումների։

Եվ մինչև ո՞ր դարաշրջան, որ պայմանագիրն ենք ուզում չեղարկել, որ պատմական արդարությունն ի վերջո վերականգնվի։

Ընտրությունը մերն է։

Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930