ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում նշանակալի ավանդի և խորքային հետազոտությունների համար Իվ Տերնոնին պարգևատրեց ՀՑԹԻ-ի Ռաֆայել Լեմկին հուշամեդալով։ Պարգևատրումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24–26-ը Երևանում անցկացված Interrogating the Never Again the Holocaust and Mass Atrocities [Քննարկելով «Այլևս երբեք»-ը. Հոլոքոսթը և զանգվածային ոճրագործությունները] խորագրով միջազգային դասընթացի շրջանակում։
Դասընթացը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը, ՀՀ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատները և Փարիզի Շոա հուշահամալիրը։ Սեմինարի երկրորդ օրը ամբողջությամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության թանգարան‑ինստիտուտում՝ օրվա թեման Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի ուսումնասիրումն էր։ Այդ օրը բանախոսությամբ հանդես եկավ ՀՑԹԻ-ի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, որը ներկայացրեց How is it humanly possible? The genocide against the Armenians [Ինչպե՞ս է մարդկայնորեն հնարավոր. ցեղասպանություն հայերի նկատմամբ]: Երկրորդ բանախոս Էլոդի Գավրիլոֆը ներկայացրեց Artsakh Ethnic Cleansing [Արցախ էթնիկ զտում] խորագրով դասախոսությունը: Վերջում տեղի ունեցավ Armenian Genocide Memorial [Հայոց ցեղասպանության հուշահամալիր] խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին հայտնի ֆրանսիացի ցեղասպանագետ Իվ Տերնոնը, ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը և ՀՑԹԻ-ի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ Հարություն Մարությանը:
ՀՑԹԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ