«Ես շուտով մեկնում եմ ձեր գեղեցիկ երկրից, այդ պատճառով որոշեցի հրաժեշտ տալ եւ շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում իմ գտնվելու ընթացքում ձեր համագործակցության եւ փոխգործակցության համար»,-հրաժեշտի ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Մենք միմյանց օգնությամբ արձանագրել ենք ձեռքբերումներով լի 2 տարի եւ մի քանի ամիս, փոխգործակցության շնորհիվ աննախադեպ կերպով բոլոր ոլորտներում վերափոխել ենք ԻԻՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունները:
Անցած տարիների ընթացքում, երբ տարածաշրջանը համակված էր բարձր զգայունությամբ, մեզ հաջողվեց փոխադարձ խորը եւ ընդհանուր ըմբռնումով բարձրացնել մեր միջեւ քաղաքական հարաբերությունների եւ փոխգործակցության մակարդակը»,-ասաց դեսպանը:
Մեհդի Սոբհանիի ձեւակերպմամբ, երկու երկրները միմյանց աջակցել են, երբ միմյանց կարիքն են ունեցել:
Կարդացեք նաև
«ԻԻՀ-ն միշտ բարձրաձայն իր վճռական աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ու տարածքային ամբողջականությանը եւ բարձրաձայնել միջազգային սահմանների անձեռնմխելիության,ինչպես նաեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին»,-ընդգծեց դեսպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ