ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թ. սեպտեմբերի 18-ին հրապարակված որոշմամբ, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա, արձանագրել է Արուսյակ Ալեքսանյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:
Նշված իրավունքի խախտման արձանագրման հիմքում դրվել է այն, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանն Արուսյակ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշումներն ուղարկել էր այն կայացնելու պահից համապատասխանաբար 45 եւ 48 օր անց, որպիսի մոտեցման անթույլատրելիությունը մշտապես բարձրաձայնվում էր պաշտպանի կողմից:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Ա. Ալեքսանյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու եռամսյա ժամկետով երկարաձգման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2024 թ. մայիսի 29-ի որոշումն Ա. Ալեքսանյանն ստացել է 2024 թ. հուլիսի 17-ին՝ ավելի քան 45 օր անց՝ ի հակադրումն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ մասերի՝ զրկված լինելով իրեն 2024 թ. հունիսի 13-ից առ հուլիսի 17-ը փաստացի շարունակական անազատության մեջ պահվելու պատճառներն իմանալու եւ իր ազատության իրավունքի սահմանափակումը վիճարկելու արդյունավետ իրավական հնարավորությունից։
Կարդացեք նաև
Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ա. Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի շարունակական առկայության հանգամանքը, ինչը հանգեցրել է վերջինի ազատության իրավունքի խախտման, ազդել է վարույթի ելքի վրա։
Ըստ բողոքաբերի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ խափանման միջոցի նվազագույնի սկզբունքի կիրառման համար ստորադաս դատարանները պետք է իրականացնեին Ա. Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկարաձգման վերստին քննություն զրոյական կետից՝ զերծ մնալով կարծրատիպային եւ վերացական դատողություններից, գնահատման ենթարկելով Ա. Ալեքսանյանի փոխազդեցությունը գործով անցնող այլ անձանց հետ, նրա կողմից գործով ապացուցողական գործընթացին միջամտելու, ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու ռիսկերը, դրանց չեզոքացման հնարավորություններն այլընտրանքային խափանման միջոցների կամ դրանց համակցված կիրառման արդյունքում՝ հաշվի առնելով նաեւ Ա. Ալեքսանյանի անձը, նրա՝ փաստացի անազատության մեջ գտնվելու նախորդ ժամանակահատվածը։
«Միաժամանակ, թեեւ Վճռաբեկ դատարանն այս առումով արձանագրել է ազատության իրավունքի խախտման փաստը, սակայն շեղվելով իր կողմից տարիներ շարունակ որդեգրած այն մոտեցումից, որ իրավական արժեքը կորցրած խափանման միջոցներով դատարանը չի կարող բովանդակային քննություն իրականացնել, գնահատման առարկա է դարձրել արդեն իսկ գոյություն չունեցող տնային կալանքի կիրառման հիմքերի առկայության հարցը՝ այդ կապակցությամբ արտահայտելով իրավական դիրքորոշումներ, առանց նույնիսկ քննարկման առարկա դարձնելու բողոքում ներկայացված բովանդակային փաստերը։
Նման պրակտիկան վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ իրավունքի պաշտպանության ապահովման համար վարույթ ընդունված վճռաբեկ բողոքով կայացված որոշումը կարող է հետագայում ի վնաս անձի իրավունքների մեկնաբանության ենթարկվել, հատկապես երբ խնդրո առարկա որոշումը կայացնելու պահի դրությամբ մեղադրյալի նկատմամբ տնային կալանքից առավել մեղմ խափանման միջոց է կիրառված։
Ավելին, այդպիսի պրակտիկան նաեւ անընդունելի է՝ նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանը տնային կալանքի հիմքերի առկայության վերաբերյալ իր մոտեցումները պատճառաբանել է կարծրատիպային եւ վերացական ձեւակերպումներով, հակասելով ինչպես իր նախադեպային որոշումներին, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Փիրուզյանի, Մալխասյանի, Սեֆիլյանի, Հարությունյանի եւ մի շարք այլ գործերով արտահայտված դիրքորոշումներին, որտեղ Հայաստանում այս ձեւակերպումների կիրառմամբ ազատության իրավունքի սահմանափակման պրակտիկան մշտապես որակվել է որպես համակարգային եւ կրկնվող խնդիր:
Այս առումով հետամուտ ենք լինելու ազատության իրավունքի շարունակական պաշտպանությանն ու իրավունքի գերակայության ապահովմանը»,-արձագանքելով վճռաբեկ պալատի որոշմանը՝ սոցիալական ցանցի իր էջում գրել էր փաստաբան Առնոլդ Վարդանյանը:
Վերջինս իր հատուկ վերանայման բողոքում գտել էր, որ Վերաքննիչ դատարանի 2024թ. օգոստոսի 16-ի որոշմամբ, թույլ է տրվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Ալեքսանյանի ազատության իրավունքը շարունակական սահմանափակման է ենթարկվել, տեւական ժամանակ առանց տեղեկացվելու, իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին, որի հետեւանքով Ա. Ալեքսանյանը հնարավորություն չի ունեցել իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու եւ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորությունից, ինչն էլ հանգեցրել է այդ ժամանակահատվածում մեղադրյալ Ա.Ալեքսանյանի ազատության իրավունքի խախտման:
Առնոլդ Վարդանյանը, տասնյակ միջնորդություններ էր արել դատարանում, կապված ազատության սահմանափակման հետ: Մասնավորապես, անցած տարվա դեկտեմբերի 10-ին, նա Ալեքսանյանին տնային կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման քննարկամն ժամանակ ասել էր. «Պարզապես դարձել է ինքնաբերաբար՝ անհամատեղելի լինելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հետ: Ավելին, նշվածը սույն գործով կրկին ընդգծում է ազատության իրավունքի երկարաձգման հարցի ոչ պատշաճ քննության խնդիրը Հայաստանում, երբ, հաշվի առնելով հայաստանյան դատավորների կողմից անձի կալանքի ժամկետի երկարաձգման հիմքում դրվող վերացական պատճառաբանությունների պարբերական բնույթը, Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ներկայացված գանգատներով, առանց բովանդակային քննարկումների, միանգամից արձանագրում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում (Ի թիվս այլնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Shirkhanyan v. Armenia գործով 2022 թվականի փետրվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 54547/16, կետ 183, Piruzyan v. Armenia գործով 2012 թվականի հունիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33376/07, կետեր 97-100):
…Պաշտպանական կողմի համար բացարձակապես անընդունելի է նաեւ ապացույցների հետազոտումն ավարտած լինելու պայմաններում, Ա.Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման հիմքում դրվող այն մոտեցումը, թե կողմերի եզրափակիչ ելույթներից հետ ապացույցների հետազոտումը կարող է վերսկսել։ Նշվածը ուղղակի հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությանը։ Նախեւառաջ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի իմաստով հիմնական դատալսումների վերսկսումը բացառություն է, ոչ թե կանոն, այն կարող է տեղի ունենալ բացառապես օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքում, որոնք այս պահին ոչ միայն քննարկման առարկա դարձվել օբյեկտիվորեն չեն կարող, այլ նաեւ առհասարակ՝ այդպիսիք հայտնի չեն ո’չ դատարանին, ո’չ էլ դատավարության կողմերին»:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հետեւյալն էր. մեղադրյալ Ա. Ալեքսանյանին ազատությունից զրկելու պատճառների մասին նրան տեւական ժամանակ չտեղեկացնելը վերջինիս զրկել է իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը սեղմ ժամկետում վերադաս դատական ատյանում վիճարկելու հնարավորությունից։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խախտվել է մեղադրյալ Ա. Ալեքսանյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը, քանի որ նա տեւական ժամանակ չի տեղեկացվել իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին եւ չի ունեցել սեղմ ժամկետում այն վիճարկելու հնարավորություն։
Միաժամանակ, անդրադառնալով այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի կիրառմամբ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի օրինական վարքագիծն ապահովելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետեւություններին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության եւ գնահատման են ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը (Ա. Ալեքսանյանին մեղսագրվող արարքներից մեկը դասվում է հանրային ծառայության շահերի դեմ ուղղված ծանր, իսկ մյուսը՝ արդարադատության շահերի դեմ ուղղված միջին ծանրության հանցագործությունների շարքին), վերջինիս անձը, անձի զբաղեցրած պաշտոնը, նաեւ դրանով պայմանավորված՝ հանրության մեջ ունեցած դիրքն ու հեղինակությունը, իր ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվելը, որոնք գործի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ գործի քննության տվյալ փուլում շարունակում է առկա լինել մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, գալով հետեւության, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միայն տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ, հանգել են իրավաչափ եզրահանգման, ուստի Վերաքննիչ դատարանի 2024 թ. օգոստոսի 16-ի եւ 2024 թ. դեկտեմբերի 2-ի որոշումները պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Հիշեցնեմ, որ Արուսյակ Ալեքսանյանին մեղսագրվում է մեղավորությամբ կատարված այն հանցանքը, որ նա, ՀՀ Նախագահի 2021 թ. հոկտեմբերի 20-ի ՆՀ-328-Ա հրամանագրով նշանակվելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության մասնագիտացմամբ. «Դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, տեղեկացված լինելով եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերոջ եւ իր մտերիմ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նույն դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել Սերգեյ Գրիգորյանի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին կալանքից ազատել, որպիսի հանցավոր նպատակին հասնելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող իր օգնական Թամարա Պետրոսյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռեւս չպարզված պաշտոնատար անձի հետ, ապա այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, ինչպես նաեւ Էրիկ Ալեքսանյանի օժանդակությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետեւանք, ինչպես նաեւ Թամարա Պետրոսյանի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխելով գրավով»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2025