Փաստաբան Կարեն Մարգարյանը հարցին, թե ինչ ընթացքի մեջ են դատական գործերը, որ քարոզիչների հաշիվների վրա է կալանք դրվել, եւ ինչ սահմանափակումներ են կիրառվել, նկատեց. «Ինչպես գիտենք, խոսքը մոտ 20 հայցի մասին է, սակայն 12-13 անձանց դեմ: Նրանց շարքերում քաղաքական գործիչներ են, լրագրող ներկայացող անձինք, ովքեր հայտնի են Ֆեյսբուքում: Հայցադիմումների մեծ մասը վարույթ է ընդունվել, կար մեկ հայց, որը վերաքննիչը բեկանել էր, սակայն 90 տոկոսը վարույթ է ընդունվել: Հայցի ապահովումների մասով էլ կասեմ հետեւյալը` կա, որ հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողի վրա: Օրինակ` Արսեն Թորոսյանի հաշվին կալանք դրվեց, սակայն դատարանի որոշմամբ այն հետագայում վերացվեց: Դատարանը եզրահանգել էր, որ չկա այլեւս նման անհրաժեշտություն: Արգելանքի իմաստն այն է, որ հետագայում դատական ակտը կատարվի, պատասխանող կողմը ներկայացրել էր, որ պատրաստ է, անգամ եթե ի վնաս իրեն լինի ակտը, կատարել այն, ինչից հետո դատարանը եկավ այն եզրահանգմանը, որ չկա կալանքի անհրաժեշտություն: Մյուս արգելանքը Դավիթ Քալաշյանի հաշվի վրա է: Նա բլոգեր է: Կան այլ հայցի ապահովման միջոցներ եւս:
Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է, որ նա Ֆեյսբուքում իր տվյալ հրապարակումների հասանելիությունը սահմանափակի: Եթե այդ հրապարակումները հասանելի մնան բոլորին, կշարունակեն վնասել Սամվել Կարապետյանին, այդ է պատճառը, որ դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին, որ կոնկրետ հրապարակման տեսանելիությունը սահմանափակվի: Ինչ վերաբերում է կոնկրետ գույքի վրա արգելանք դնելուն, ապա, օրինակ, Դավիթ Քալաշյանի մասով որոշում է կայացվել՝ հաշվին կալանք դնել 6 մլն դրամի չափով: Այն փոխանցվում է Հարկադիր ծառայություն, ծառայությունն էլ ավտոմատ դնում է արգելանքներ թե՛ գույքին, թե՛ դրամական միջոցներին, դա պայմանավորված է ունեցվածքի առկայությամբ: Քալաշյանի հայցագինը 6 մլն դրամ է, մեզ համար կարեւոր չէ՝ գույքի՞ վրա կդրվի, թե՞ դրամական միջոցների, դա մենք չենք կարող որոշել, որոշվում է ըստ ունեցվածքի առկայության»:
Փաստաբանի համոզմամբ` վերոնշյալ անձանց նկատմամբ դատական հայցերը թողել են իրենց ազդեցությունը, եւ նրանցից շատերն այլեւս անգամ չեն հիշատակում Սամվել Կարապետյանի անունը. «Իրենք ասում են, որ մենք ազդում ենք իրենց խոսքի ազատության վրա եւ այլն, սակայն մենք չունենք նման նպատակ: Մեր նպատակն այն է, որ զերծ մնան զրպարտությունից եւ վիրավորանքից: Որքան ուզում են՝ կարող են քննադատել, դա իրենց ազատ իրավունքն է, սակայն վիրավորելու եւ զրպարտելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իրենց խոսքի ազատությունը պետք է վերջանա այնտեղ, որտեղ սկսվում է անձի արժանապատվությունը: Նրանցից մի քանիսը դեռ քննադատում են, սակայն զերծ են մնում վիրավորանքներից եւ զրպարտությունից: Ռոման Բաղդասարյանի դեմ արդեն չորրորդ հայցն ենք ներկայացրել: Լեւոն Շիրինյանի կողմից վերջերս վիրավորական գրառում չեմ նկատել: Հունիսին արված գրառումների համար է դատական հայց ներկայացվել, դրանից հետո չեմ նկատել նրա կողմից վիրավորական հրապարակում»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում