Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք». վավերագրական ինստալյացիա, որը ներկայացնում է 2023թ. Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը

Սեպտեմբեր 27,2025 17:29

Սեպտեմբերի 26-ին Latitude Art Space-ում բացվեց շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի “They Say We Have to Leave” («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») վավերագրական ինստալյացիան, որը ներկայացնում է 2023թ. Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։

«Երբ մարդիկ միմյանց հետ փոխանակում են նույն զգացողությունները, նույն ապրումները, նրանք դառնում են դրա մի մասը և երբեք չեն մոռանա։ “They Say We Have to Leave” («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») վավերագրական ինստալյացիայի նախագիծը հենց դա է փորձում անել՝ փոխանցել համընդհանուր զգացողություն, որը դուրս է գալիս սահմաններից և դառնում է հիշողություն բոլորի համար»,– նշեց ռեժիսոր Վարսի Բուխմաննը։

Ցուցադրության բացման օրը մասնակից էին նաև վավերագրական ինստալյացիայի հերոսները, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև Արցախի նկատմամբ սրտացավ բազմաթիվ մարդիկ։ 

Հանրային ցուցադրությունը կշարունակվի սեպտեմբերի 27–28-ին՝ ժամը 14:00–20:00-ը ներառյալ: Մուտքն ազատ է:

ԻՆՍՏԱԼՅԱՑԻԱՅԻ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինստալյացիան բաղկացած է երեք մասից։ Առաջին մասը ներկայացնում է 120 արցախցի կանանց պատմությունները: Նրանք իրենց լուռ ներկայությամբ պատմության մեջ մեկընդմիշտ դաջում են տեղի ունեցած սոսկալի անարդարությունը: Տեսողական պատումն ուղեկցվում է հարցազրույցներից հատվածներով, ինչը փոխանցում է կանանց հույզերն ու հիշողությունները: Ինստալյացիայի երաժշտական հատվածը ձևավորել է ժամանակակից կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: Ցուցադրության տարածքը կառուցված է երկար միջանցքի տեսքով՝ խորհրդանշելով Լաչինի միջանցքը, որով անցան Արցախից բռնի տեղահանվելիս:

Ցուցադրության երկրորդ մասում ներկայացվում է նավթը որպես համաշխարհային անտարբերության խորհրդանիշ, արդարության բերանը փակող գործիք: Նավթը համադրվում է այն մշակութային ժառանգությանը, որը թողեցին հայերն Արցախում՝ վանքեր, եկեղեցիներ, քրիստոնեական ժառանգության բացառիկ նմուշներ:

Ինստալյացիայի երրորդ հատվածում արցախցիների անձնական արխիվներից իրական կադրեր են, որոնք ցույց են տալիս կյանքը, սիրո և ավանդույթների միջավայրը՝ այցելուին վերադարձնելով անցյալ։

Ինստալյացիան պարունակում է իրական պատերազմական վկայություններ: Ինստալյացիան ներկայացված է ցուցասրահի ձևաչափով, որն այցելուներին հնարավորություն է տալիս ներգրավվել, անցնել պատմությունների միջով և զգալ յուրաքանչյուր ապրում: 

Հատուկ նշում. խորհուրդ է տրվում այցելել 12 տարեկանից բարձր տարիքի մարդկանց:

ՍՏԵՂԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ

Վարսի Բուխմաննը շվեյցարահայ ռեժիսոր, պրոդյուսեր և գրող է, Լյուցեռնում գործող Boostplus GmbH ստեղծարարական ընկերության հիմնադիրը: Գործակցել է Fondation Beyeler-ի, Kunstmuseum Basel-ի և Շվեյցարիայի ազգային թանգարանի հետ:

Անդրեաս Վեբերը կինոռեժիսոր և AV պրոդյուսեր է, Point de vue ընկերության գործադիր տնօրենը: Նա ստեղծում է ինստալյացիաներ ու վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև հեղինակ է մի շարք միջոցառումների, ինչպես, օրինակ՝ Բազելի ամենամյա «Science + fiction» փառատոնը։

ԱՋԱԿԻՑՆԵՐ ԵՎ ՊԱՏՐԵՈՆՆԵՐ

Այս նախագիծը հնարավոր է դարձել մշակութային վստահելի հիմնադրամների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Ինստալյացիայի ստեղծումն ու ցուցադրությունն իրականացվել է նրանց ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցությամբ: Հեղինակները երախտագիտությամբ ընդգծում են, որ այս աջակցությունը թույլ է տվել նախագիծը կյանքի կոչել թափանցիկ միջոցներով՝ նախատեսված բացառապես մշակութային արժեքների պահպանման համար:

Այս ինստալյացիան հրավեր է միջազգային հանրությանը՝ ցուցաբերելու աջակցություն Արցախի տուժած ժողովրդին և միասին բարձրաձայնելու չմոռացվելու իրավունքի մասին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930