Ադրբեջանի բռնապետական վարչակարգը հերթական անգամ ապացուցում է իր անմարդկային էությունը՝ շարունակելով Ստեփանակերտի քաղաքային տարածքները վերածել ավերակների։ Ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ հողին են հավասարեցվում ոչ միայն հայկական մշակութային ու պատմական ժառանգության կոթողները, այլև բնակելի թաղամասերը, որտեղ ընդամենը երկու տարի առաջ բաբախում էր խաղաղ բնակչության առօրյան։ Այսօր այդ քաղաքականության թիրախն են դարձել Սարոյան փողոցի 6, 8 և 10 հասցեների բազմաբնակարան շենքերը։
Սա ոչ թե շինարարություն է, ոչ թե քաղաքաշինական ծրագիր, այլ հայաթափված քաղաքի հիշողության, հայկական ինքնության ու գոյության արմատական ջնջում։ Ադրբեջանը գիտակցաբար և համակարգված կերպով փորձում է վերացնել Ստեփանակերտի հայաշունչ կերպարը՝ դրա տեղը թողնելով դատարկ տարածք, որտեղ անգամ ավերակներն են հիշեցնում ճշմարտությունը։
Այս գործելակերպը ոչ միայն հակամարդկային է, այլև միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, որը հակասում է օկուպացված տարածքներում մշակութային և քաղաքացիական ժառանգության պահպանման վերաբերյալ բոլոր միջազգային կոնվենցիաներին։ Հողի հետ հավասարեցված շենքերը հերթական վկայությունն են այն քաղաքականության, որի նպատակն է վերացնել ոչ միայն Արցախի հայության ներկայությունը, այլև նրա հիշատակը։
Ցեղասպանական տրամաբանությամբ առաջնորդվող այս բռնապետական վարչակարգի գործողությունները պետք է դառնան միջազգային դատապարտման առարկա։ Չլռելու և փաստերը արձանագրելու պարտականությունն այսօր յուրաքանչյուրիս ուսերին է։