2020 թ. սեպտեմբերի 27- ին ԼՂՀ դեմ Ադրբեջանի և նրա դաշնակիցների սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները տակավին մնում են չքննված, իսկ դասերը՝ չսերտված: Աղետի ծանր հետևանքների գիտակցումը, Արցախի հայաթափման ու ցեղասպանական գործողություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության և նրան սատարող ուժերի ուղղակի մասնակցության բացահայտումն ու դրա համար խստագույն պատժի կիրառումը կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար:
Այս պահին կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը՝
ա) Ոչ միայն չկանխարգելեց, այլև ուղղակիորեն սպասարկեց թշնամական ուժերի պարտադրած կանխորոշված ելքով պատերազմը, ինչը հանգեցրեց խաղաղ հայ բնակչության ցեղասպանությանը:
բ) Դիմելով տարատեսակ աճպարարությունների, հետամուտ չլինելով հայ գերիների տունդարձին ու անհետ կորածների ճակատագրերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ձեռք բերելուն` ներկա վարչակարգը բացահայտորեն նսեմացրեց մարդ-միավորի կյանքի արժեքն ու կարևորությունը:
Կարդացեք նաև
գ) Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների հայտարարություններն ու գործողությունները փաստացի կոչված են ապահովելու ու ամրագրելու պատերազմի հետևանքներն հօգուտ ՀՀ դեմ ագրեսիվ ու զավթողական քաղաքականություն որդեգրած Բաքվի բռնապետական ռեժիմի:
դ) Իշխանության մնալու բանաձևը ներկայիս դրածո ուժերի համար այլևս դարձել է նոր պատերազմի ուրվականով սեփական քաղաքացիներին ահաբեկելը` կեղծ խաղաղության օրակարգի բացահայտ ու անթաքույց գովազդով:
ե) Անհարկի շահարկելով հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած հայ զինվորների ու կամավորների հիշատակը` գործող իշխանությունները միաժամանակ տապալեցին պատերազմի հետևանքների ու մեղավորների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները:
զ) Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի ձևաչափի լուծարումը և դրանում ՀՀ իշխանությունների շահագրգիռ մասնակցությունը վկայեց ցեղասպանության իրականացման գործում բացահայտ մեղսակցության մասին:
է) Արցախահայության` իր հայրենի գյուղերում ու քաղաքներում անվտանգ ապրելու իրավունքը համամարդկային ու ազատական արժեքների վրա հիմնված ձգտում է, ուստի այն պարտադիր կերպով պետք է ներառվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և իրագործվի որպես միջազգային խաղաղասիրական նախաձեռնություն: Արցախահայության այդ իրավունքի իրագործումը լավագույն և միակ երաշխիքը կարող է հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար:
ը) Ցեղասպանական գործողությունների լեգիտիմացումը, ի հակադրումն միջազգային գործող իրավունքի ու միջազգային հարաբերություններում ընդունված կանոնների, խիստ վտանգավոր նախադեպ է ստեղծում` մարդկությանը տանելով նորանոր արհավիրքների ու զանգվածային ոչնչացումների ճանապարհով:
Ագուլյան Կարեն-ԱԻՄ
Բաբայան Նիկա – Երաժշտական պրոդյուսեր
Բալոյան Արթուր-«Արդարություն» կուսակցության նախագահ
Գաբրիելյան Մեխակ-1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր
Դադոյան Վանո-Հոգևոր մշակութաբան
Դեմոյան Հայկ -Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Զոհրաբյան Ապրես-Արևելագետ
Հայրիկյան Պարույր-ԱԻՄ առաջնորդ
Հայրյան Լևոն- «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մակեյան Պետրոս-Քաղաքական գործիչ
Մանուկյան Խաչիկ-Բանաստեղծ
Մինասյան Ալեքսան-«Վերելք» ՀԿ
Չուգասզյան Գարեգին-ԱԺԲ խորհրդի անդամ
Պապյան Արա-ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Եղիշե-ԱԺԲ խորհրդի անդամ
Սեֆիլյան Ժիրայր-ԱԺԲ խորհրդի անդամ
Սիսլյան Վազգեն-«ՀԱՀԳԲ» մարտիկ
Տոնոյան Կարին-«Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն