Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Փաշինյանը սահմանել Հայաստանի օրինակարգության բանաձեւը. «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 28,2025 10:55

Սեպտեմբերի 15-ին Երեւանում կայացած՝ «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն-2025» միջազգային կոնֆերանսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ՀՀ-ի անվտանգության իրական երաշխիքը նրա օրինակարգությունն է (լեգիտիմությունը): Սա նշանակում է, որ Հայաստանը չպետք է հարեւաններին եւ այլ չարամիտների հիմք տա՝ իր դեմ ռազմական ուժ կիրառել: Նման պատրվակի դեպքում հայկական բանակի գործոնը բավարար չէ երկիրը պաշտպանելու համար:

Չի ասվում, թե ում «աչքաչափով» է որոշվելու համապատասխան օրինակարգությունը: Ըստ երեւույթին՝ համաշխարհային հանրության: Ի վերջո՝ մենք ամեն օր տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստանը չափից դուրս ապօրինակարգ է իր իսկ գոյությամբ: Ավելորդ է պնդել, որ գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում պետության ուժի երաշխիքը հիմնականում կախված է դաշնակից երկրներից: Բայց արդյո՞ք օրինակարգությունը հավասարազոր գործոն է նման դաշինքին:

Հարավսլավիայի, Ուկրաինայի, Եթովպիայի, Լիբիայի, Սիրիայի ճակատագրերը ոչ մի կերպ չեն խոսում օրինակարգության ամենակարողության օգտին՝ Սառը պատերազմի դարաշրջանում ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում։ Այդ ժամանակաշրջանի միջազգային իրավունքի սկզբունքների բարեխիղճ կիրառման հույսերը ծնում են միայն առասպելաբանություն եւ անարդյունավետ ազգային քաղաքականություն: Միշտ կան պատճառներ մեղադրելու այս կամ այն երկրին՝ իր վարքագծի անօրինակարգության մեջ: Մարդու իրավունքների սկզբունքը եւ ինքնապաշտպանության իրավունքը ցանկացած երկրի անպաշտպան են թողնում։

Սակայն ենթադրենք, որ Հայաստանի հարցում երկրի գործողությունների լեգիտիմությունը նրա անվտանգության երաշխիքն է: Ենթադրենք՝ զենքի գնումը դադարեցնելու եւ գնվածն էլ վերադարձնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Ալիեւի պահանջները, պարզապես, բլեֆ են: «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունը նույնպես բլեֆ է: Դուք երբեք չգիտեք, թե ինչ է պետք Ալիեւին՝ իր երկրին եւ աշխարհին համաշխարհային մակարդակի հաղթողի իր կերպարը ցույց տալու համար: Չնայած իրականում այս պահանջները վկայում են, որ Հայաստանը ողջ աշխարհին ներկայացվում է որպես սպառնալիք Ադրբեջանի համար, ինչը բավարար է ինքնապաշտպանության պատրվակով ուժ կիրառելու համար: Բայց ո՞վ է տեղյակ, թե ինչ գիտի Փաշինյանը, որ մենք չգիտենք (գուցե Էրդողանը նրա ականջին շշնջացել է, թե «կքաշի Ալիեւի ականջնե՞րը», եթե փորձի նեղացնել Հայաստանին):

Այնուհետեւ կենտրոնական հետաքրքրությունն այն է, թե ինչպես է Փաշինյանը սահմանել Հայաստանի օրինակարգության բանաձեւը։ Ի՞նչ է այդ փրկիչ օրինակարգությունը։ Նրա վերջին գնահատականները ԵԱՀԿ/ԵԱՀԽ Մինսկի խմբի վերաբերյալ, որոնց մասին ես նախորդիվ գրել էի, թույլ են տալիս պնդել, որ նրա համար հիմք են հանդիսացել որոշ ազգային առասպելներ, բայց ոչ թե Հայաստանի եւ հետխորհրդային այլ երկրների անկախ պետականություն ձեռք բերելու ժամանակաշրջանի քաղաքական եւ իրավական իրողությունները։ Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առասպելը թուրքերի եւ ադրբեջանցիների պայմաններով հաշտեցման մասին։ Կամ՝ 1921թ. Կարսի պայմանագրի ամենակարողության առասպելը, որից Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց հրաժարվել են։

Կան նաեւ նոր առասպելներ։ Դրանցից մեկն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է ՀՀ անկախության հաստատումը կանխելու եւ նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչնչացնելու համար։ Եթե մինչ այժմ Ռուսաստանի դեմ նման մեղադրանք առաջադրելը հեշտ էր՝ հաշվի առնելով անցյալ տարիներին Հայաստանի նկատմամբ նրա հանցավոր վերաբերմունքը, ապա այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ նման մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ առեւտրային նպատակ՝ արդարացնել մեծ զոհողությունների միջոցով Արցախի հանձնումը Ադրբեջանին եւ Սյունիքով միջանցք ապահովելը Ադրբեջանի պայմաններով։ Ի վերջո, իրականում ԵԱՀԿ ՄԽ-ի ստեղծումը նպատակ ուներ լեգիտիմացնել Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող ՀՀ-ի հիմքերը։

Հետխորհրդային տարածքում նոր իրողությունների ձեւավորումը հետաքրքրում էր շատերին, առաջին հերթին՝ Արեւմուտքին։ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու շարժումն այդ կարգի իրողությունների ձեւավորման ամենաազդեցիկ գործոններից մեկն էր։ Դրանք դիտվում էին որպես ԽՍՀՄ-ի փլուզման անշրջելիության երաշխիքներ։ Դեռեւս 1988-ին Եվրոպական խորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով աջակցեց ԼՂԻՄ-ին ՀՀ-ի վերամիավորմանը, իսկ ԱՄՆ Սենատը երկկուսակցական որոշում ընդունեց, որը նույնպես աջակցեց վերամիավորմանը: Նամակ գրվեց ԽՍՀՄ այն ժամանակվա նախագահ Գորբաչովին՝ պահանջելով, որ նա աջակցի ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի պահանջին:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930