Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայթյունի վայրում մարդիկ ադրբեջանական համարանիշներով մեքենաներ են տեսել, հնարավոր տարբերակ է, որ անհետ կորածներին տարել են Ադրբեջան»

Սեպտեմբեր 28,2025 15:05

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Տիկին Հակոբյան, 2023 թվականի այս օրերին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով Արցախը բռնի հայաթափվեց։ Ի՞նչ իրավիճակ ունենք երկու տարի անց, եւ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում արցախցիների վերադարձի համար։

-Մենք երկու տարի անց, ի դեմս Հայաստանի իշխանությունների, ունենք շարունակական հետեւողական աշխատանք, ինչը դեռեւս սկսվել էր 2018 թվականին։ Եվ կարծում եմ՝ հիմա շատ շատերի համար գործընթացը դարձել է ակնհայտ, որ, այո, Հայաստանում իշխանազավթում տեղի ունեցավ, որպեսզի Ադրբեջանին հնարավորություն տրվի զավթել Արցախը եւ այնուհետեւ շարունակել համանման պրոցեսները Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ կատարել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները։ Եվ մենք երկու տարի անց կրկին արձանագրում ենք այն, ինչ, ցավոք սրտի, դեռևս ասում էինք 2018 թվականին։ Եվ, բնականաբար, քանի դեռ Հայաստանում կան նման իշխանություններ, առաջընթացի մասին խոսելը միամտություն է։

Իսկ ի՞նչ ենք կարողանում անել մենք կամ ինչ նպատակներ ունենք մենք, դրանք բնականաբար այս իշխանությունների կատարած աշխատանքի լրիվ հակառակն են։ Այս երկու տարիների ընթացքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այս իշխանությունների կողմից ուղիղ ճնշման տակ ենք, ընդհուպ քաղաքական հետապնդումներ, բանտարկություններ, միեւնույն է, մեր հաստատակամությունը չենք կորցրել։ Այս ընթացքում միջազգային տարբեր հարթակներում մենք փորձել ենք հակառակ գործընթացն իրականացնել։ Այսինքն՝ մենք կարողացել ենք կոտրել ՀՀ իշխանությունների այն թեզերը, թե միջազգային հանրության օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա։ Տարբեր գործընթացներ տեղի ունեցան, որոնք շարունակում են տեղի ունենալ Շվեյցարիայում, Ֆրանսիայում, նաեւ որոշ գործընթացներ կան ԱՄՆ-ում։ Եվ մենք վստահություն ունենք, որ բնավ այդպես չէ՝ միջազգային հանրությունը հստակ չի մերժում մեր վերադարձի իրավունքը, որովհետեւ դա միջազգային իրավունք է, որը հերքել չի կարող որեւէ միջազգային կառույց։

Մետաքսե Հակոբյան

Բոլորն ունեն պատրաստակամություն՝ աջակցելու արցախահայությանը, սակայն բոլորն ունեն համոզմունք, որ դա հնարավոր չէ անել առանց Հայաստանի իշխանությունների մասնակցության։ Այն հարթակներում, որտեղ մենք կարողացել ենք մուտք ունենալ, բոլորը փաստում են, որ նույնիսկ առաջարկները, որոնք կան միջազգային  կառույցների կողմից, մերժվում են Հայաստանի իշխանությունների կողմից։ Այսինքն՝ արցախցիների վերադարձի իրավունքի հիմնական մերժումը հենց Հայաստանի իշխանությունների կողմից է։

Այսպիսով՝ վերջին երկու տարիների ընթացքում որպես բացասական զարգացում՝ համարում ենք Հայաստանի իշխանությունների հետեւողական հակահայ գործունեությունը։ Որպես դրական արդյունք՝ արձանագրում ենք այն, որ ՀՀ իշխանության կողմից կեղծ թեզեր են տարածվում, չկա այդպիսի բան՝ միջազգային հանրությունը արցախցիների վերադարձի հարցը չի փակել։ Մյուս կողմից, մեր աշխատանքի արդյունքում թույլ չենք տալիս փակել Արցախի հարցը, այն «տաք» ենք պահում՝ մինչեւ Հայաստանում իշխանության կգան ազգային իշխանություններ։

-2023 թվականին Արցախում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հանգամանքները մինչ օրս բացահայտված չեն հասարակության համար։ Դա ահաբեկչությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար, ՀՀ իշխանությունները քայլեր չեն արել՝ բացահայտելու հարյուրավոր մարդկային կյանքեր խլած այս պատահարը։ Ի՞նչ վարկածներ ունեք դուք։

-Նախ եկեք արձանագրենք, որ Արցախի մասով որեւէ գործընթացի վերաբերյալ բացահայտում չկա՝ ո՛չ 2020 թվականի պատերազմի պատճառների ու ելքի մասով, ո՛չ էլ անհետ կորածների։ Բնական է, որ նույն տրամաբանությամբ բենզինի պահեստի պայթյունի գործով որեւէ բացահայտում չկա։ Երբ լսում ենք հարազատներին կամ խոսում ականատեսների հետ, մտքում այլ պատկեր են կառուցում։ Նույնիսկ եթե դա հնարավոր դժբախտ պատահար էր, ապա դրա հետեւանքների վերաբերյալ պետք է անպայման քննություն լիներ։ Կամ պետք է իշխանությունների մակարդակով հերքվեին մնացած բոլոր տարբերակները, ինչը տեղի չի ունեցել։ Երբ լսում ենք ականատեսներին կամ խոսում ենք հարազատների հետ, պարզ է դառնում, որ այնտեղ բազմաթիվ չբացահայտված դեպքեր կան։ Ես անձամբ մի քանի դրվագով փորձել եմ գոնե ինքնուրույն ճշտումներ կատարել, բայց գալիս հասնում է մի պահ, որ այլեւս հնարավոր չէ այդ ճշտումը կատարել։

Պայթյունի հետեւանքով անհետ կորածների վերաբերյալ կան ականատեսներ, որոնք պնդում են, որ այդ մարդը հնարավոր չէ, որ զոհված լինի։ Այնտեղ ադրբեջանական համարանիշներով մեքենաներ են տեսել մարդիկ։ Այսինքն՝ հնարավոր տարբերակ է, որ մարդկանց ուղղակի տարել են Ադրբեջան։ Քաոսի ժամանակ ես անձամբ եմ հիշում, որ նույնիսկ ադրբեջանական կողմից դեղամիջոցներ են բերվել, իսկ դա նշանակում է, որ նաեւ շտապ օգնության ու այլ մեքենաներ են ազատ ելք ու մուտք ունեցել այդ տարածք։ Կամ պետք է  բոլոր փաստարկներով հերքվի, որ որեւէ անձ, որն այսօր անհետ կորած է, ադրբեջանական կողմում չէ, կամ պետք է հաստատվի։ Այսինքն՝ մենք էլի տեսնում ենք անտարբեր հանցավոր լռություն նույնիսկ այդ դաժան միջադեպի հանգամանքները քննելու  ուղղությամբ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930