Պատերազմն ավերում է ամեն ինչ, և այդ ավերումից անմասն չէ նաև մարդու հոգին։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ողջ սահմանով, և պատերազմի առաջին օրվանից եղավ անհրաժեշտություն՝ թշնամու կողմից մշտապես ռմբակոծվող տարածքներից, սահմանամերձ ու վտանգված բնակավայրերից տարհանել բնակչության մի մասին, պարզ է՝ առաջնահերթությունը երեխաներինն էր, ծերերինը, կանանց, հաշմանդամներին։ Իհարկե, շատ կանայք իրենց տանը մնացին, մինչ պատերազմի ավարտը, քանի իրենց բնակավայրերը չէր անցել թշնամու տիրապետության տակ, շատերն աջակցում էին շտաբների աշխատանքին և այլ գործերին։
1992թ․ մայիսի 18-ին բացված միջազգայնորեն «Լաչինի միջանցք», իսկ արցախցիների համար «Կյանքի ճանապարh» կոչված ճանապարհն անցնում էր Բերձորով, և բնական է՝ տարհանված բնակիչներին սկզբում ընդունում էինք Բերձորում, գրանցում, հետո ճանապարհում Գորիս և այլ բնակավայրեր։ Գործելով Քաշաթաղի շրջանում ձևավորված քաղպաշտպանության շտաբում՝ հաճախ էի ներկա լինում տարհանվածների՝ հատկապես երեխաների ընդունման ու ճանապարհման գործընթացին։ Մեր տունը նույնպես շտաբի էր վերածված, և հումանիտար աշխատանքներում ներգրավված շատ աշխատողներ հաճախ այստեղ էին հանգրվանում։
Նրանց հաճախ էի ուղեկցում Արցախի տարբեր բնակավայրեր։ Շտաբում ստեղծել էինք որոշ պայմաններ, որ տեղահանվածները հանգստանային, ապաստարանի վերածված նկուղահարկում կազմակերպում էինք խաղեր երեխաների համար։ Բայց այստեղ նույնպես ապահով չէր․ թշնամու անօդաչուները մշտապես էին լինում Բերձորի երկնքում։ Մշտապես հնչում էր «օդային տագնապ»-ի ազդանշանը։ Շչակի ձայնը նույնպես շատ էր ազդում բոլորի նյարդերի վրա, հատկապես՝ տեղահանվածների, ովքեր մազապուրծ դուրս էին եկել ռմբակոծության տակից, հասել իբր ապահով վայր, բայց այստեղ ևս կար վտանգը։ Դժվար էր հանգստացնել վախեցած, իրենց տնից հեռացած երեխաներին։ Իրենց տունն էին ուզում, ննջարանը, խաղալիքն ու գիրքը, կատվին․․․
Կարդացեք նաև
Տարհանող վարորդները հիմնականում գիշերով էին երթևեկում՝ մեքենաների լույսերն անջատած։ Տեղ էին հասնում հոգնած։ Քաշաթաղի շրջանի իբր ապահով վայրերից էր Շալուայի հովիտը, որտեղ էր Վարդուտ գյուղը։ Այստեղ ևս տարհանվածներ կային, նրանց սնունդ ու հագուստ էինք հասցնում՝ դարձյալ գիշերով։ Բայց շուտով նրանց էլ ճանապարհեցինք Գորիս, քանի որ նույն անօդաչուներն այդ կողմեր էլ էին հասնում։ Թշնամին հեռահար հրանոթներով ավերեց Հակարի և Աղավնո գետերի կամուրջները։ Ամբողջ պատերազմի ընթացքում կանգուն մնաց Բերձորը․ թշնամին չկարողացավ մտնել բուն Քաշաթաղ, թույլ չտվեցինք։ Բայց շատ էր ռմբակոծվում շրջկենտրոնը։ Պատերազմի վերջին օրը Բերձորի ռմբակոծությունից զոհվեց քաղաքի հնաբնակներից Վանիկ Բաբայանը։ Նույն օրը Մարտունին պաշտպանելիս հերոսաբար մարտիրոսվեց նրա կրտսեր եղբայրը՝ Արցախի պաշտպանական բանակի փոխգնդապետ Վահագն Բաբայանը։ Պատերազմից հետո էլ Բերձորը մնաց որոշ ժամանակ։
Սուրբ Համբարձման եկեղեցում հոգևոր արարողություններ եղան։ Բայց թշնամին ավելի հեշտ տիրացավ մեր՝ 1990-ականներին ազատագրված հայրենիքին։ Հանձնեցինք․․․ Հիմնովին ավերվեց Սուրբ Համբարձմանը՝ ավերելով նաև շատ հոգիներ։ Լինելով շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրը՝ նաև լուրեր էի հայտնում, լուսանկարում էի։ Այս օրերին, թերթելով արխիվս, հիշեցի մի տխուր իրողություն։ Հոկտեմբերի 2-ին Բերձորում՝ Խաղաղության հրապարակ կոչվող շրջադարձում, ընդունեցինք Հադրութի շրջանից տեղահանվածների հերթական խմբին։ «ՈՒԱԶ» մեքենայով էին եկել։ Վարորդը զինվորական համազգեստով էր, շտապում էր շուտ վերադառնալ։
Բերել էր նաև իր ընտանիքը․ այդպես թվաց, քանի որ 5-6 տարեկան մի տղա լացակումաց փաթաթվել էր նրա ոտքին ու չէր թողնում, որ գնար։ Խնդրում էր իրեն հետը տանի, իրենց տունն էր ուզում, իր խաղալիքները։ Բայց զինվորականն շտապում էր․ ընկերների՞ն պետք է հասներ, ա՞յլ առաջադրանք ուներ, չգիտեմ, չհարցրեցի։ Հազիվ էի ինձ զսպում։ Ո՞րն է այդ մանչուկի մեղքը, որ զրկվել էր իր ծննդավայրից, տնից, թողել էր իր խաղալիքը, և պետք է հեռանար նաև հորից։ Բայց պատերազմ էր։ Երևան մեկնող մեքենայում տեղավորեցինք լացող մանչուկին․ նրա և բոլոր երեխաների կյանքը շատ թանկ էր։ Նույն օրը տասնյակ երեխաների դարձյալ ճանապարհեցինք, ընդունեցինք այլ խմբերի։ Բայց այդ մանչուկը մշտապես է հիշողությանս մեջ։ Չգիտեմ՝ այժմ որտեղ են բնակվում։ Տա Աստված՝ մանչուկի հայրը հասած լինի իր ընտանիքին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ