Օրերս Ալավերդիում մեկնարկեց Թատերական Լոռի միջազգային 31-րդ փառատոնը, որին մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարբեր երկրներից եկած թատերախմբեր։ Փառատոնը, որ նվիրված է նշանավոր թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին, բացվեց Համազգային թատրոնի՝ Դ. Լ. Կոբուրնի «Ջին խաղը» ներկայացումով՝ Արման Նավասարդյանի ռեժիսուրայով։
Բեմում երկու տաղանդավոր դերասաններ էին՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը և Դավիթ Հակոբյանը։ Մոտ երկու ժամ արտիստներն իրենց տպավորիչ խաղով կարողացան գամված պահել հանդիսատեսին։ Բեմավիճակները մինիմալիստական էին. ամբողջ գործողությունը հիմնականում մեկ սեղանի շուրջ էր, որի վրա ջին էին խաղում հերոսները։
Կարդացեք նաև
Դերասանները փառատոնի անվանական մրցանակների արժանացան․ Գրետա Մեջլումյանը՝ Արուս Ասրյանի անվան, Դավիթ Հակոբյանը՝ Խորեն Աբրահամյանի, իսկ ռեժիսոր Արման Նավասարդյանը՝ Սոս Սարգսյանի։
Ջերմ էր հանդիսատեսի ընդունելությունը, իսկ մրցանակները հանձնեցին ռեժիսորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Բաբայանը և Քրիստ Մանարյանը։ Ռուբեն Բաբայանը Գրետա Մեջլումյանին և Դավիթ Հակոբյանին անվանեց «մեծ դերասաններ», իսկ բեմադրիչը խոստովանեց, որ իր կայացման համար երախտապարտ է իր ուսուցիչներին, որոնք էլ խաղում են ներկայացման մեջ։
Հիմա առանձին և հատուկ անդրադառնանք Գրետա Մեջլումյանին, որին տասնամյակներ շարունակ փորձել են նմանակել բազում ուսանողներ ու ուսանողուհիներ, երիտասարդ դերասաններ։ Նա զգալի հետք է թողել 20-րդ դարի վերջերից և 21-րդ դարի սկզբի հայ ազգային թատրոնում՝ սկսած թատերական մանկավարժությունից մինչև բազում դերեր բեմում, կինոյում և պոեզիայի ասպարեզում։ Քանի-քանի թատերական սերունդ նրա շնորհիվ ունեն բեմական ամուր խոսք, տիրապետում են խոսքի տեխնիկային։ Պատմում են, որ անհատապես ուսանողների հետ աշխատելիս դերասանուհին կարող է ժամերով մոռանալ անգամ սնվելը և երկար, մանրակրկիտ աշխատանք տանել։
Նրա աշխատությունը՝ «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» գիրքը, ստեղծվել է իր սաներից մեկի՝ դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի խորհրդով։ Այդ աշխատությունն իրապես մոնումենտալ աշխատանք է դերասանների, ռեժիսորների ու խոսքարվեստով զբաղվողների համար։
Այս տարի դեռ որևէ տեղ չենք հանդիպել մի կարևոր անդրադարձի․ լրանում է անվանի դերասանուհու բեմական գործունեության 50 տարին։ Նա հայտնի է իր համեստությամբ՝ «մրցանակներ չսիրելով», «գլուխը կախ՝ միայն իր գործով զբաղվելով»։ Պետական թատրոններում քիչ չեն այն ավագ դերասանները, որոնք «կռիվներ, սկանդալներ» են ունենում գեղարվեստական ղեկավարների հետ իրենց հերթական հոբելյանը նշելու համար, իսկ տիկին Մեջլումյանի դեպքում հակառակն է․ անգամ իր 70-ամյակը նշելիս կազմակերպիչները «վախեցել են», թե ինչպես կարձագանքի դերասանուհին, երբ իմանա՝ գաղտնի նախապատրաստվում են իր հոբելյանական երեկոյին։
Հիշում ենք, ժամանակին Գրետա Մեջլումյանի պատրաստած՝ Հրանտ Մաթևոսյանի խոսքերով կոմպոզիցիան մեծ արձագանք գտավ պատերազմական օրերին, իսկ հանրապետական փառատոներում դպրոցականները նույն տեքստով փորձում էին նմանակել սիրելի դերասանուհուն։
Գործընկերները պատմում են, որ նրա՝ Ռուզանի դերակատարումը համանուն ներկայացման մեջ Արցախում դիտելիս մի որդեկորույս մայր, որ նոր էր կորցրել իր երկրորդ որդուն, մանուշակներ է շաղ տվել դերասանուհու ոտքերի առաջ ու խոնարհվել՝ ներշնչված նրա խաղով։
Գրետա Մեջլումյանի մասին գրվել են մագիստրոսական թեզեր, նկարահանվել հաղորդումներ ու վավերագրական ֆիլմեր։ Նրա գլուխգործոցներից է Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» բեմադրության մեջ Պոնսիայի դերակատարումը, որի համար դերասանուհին ևս արժանացավ մրցանակի։
Ի դեպ, բազմաթիվ են արվեստագետի մրցանակները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մոսկվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնում նա ռուսերենով խաղացել է Նելլի Շահնազարյանի «Թափորը» բեմադրության մեջ։ Ժյուրիի անդամներից մեկը նրան ևս անվանել է «великая актриса»։
Նա չի սիրում, երբ իրեն գովաբանում են։ Գուցե տարօրինակ է, որ վերջին տասնամյակում նման դերասանուհին ծանրաբեռնված չէ դերերով՝ չնայած իր ամբողջ ժամանակը ծախսում է երիտասարդներին խոսքի տեխնիկա և վարպետություն ուսուցանելով։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում և Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ստուդիայում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ Կոբուրնի «Ջին խաղը» ներկայացումից
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից