Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված արձանագրությանը

Սեպտեմբեր 29,2025 14:44

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է արձանագրության վավերացման հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը պարզաբանել է, որ 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում կա հակագնագցման կամ դեմպինգի եւ փոխհատուցման միջոցների մասին հատուկ կետ: Ըստ այդմ՝ եթե որեւէ երկրից ԵԱՏՄ տարածք է մտնում այնպիսի ապրանք, որը շատ ցածր գին ունի եւ դեմպինգային հնարավորություն է ստեղծում, ապա եթե 25 տոկոս մասնաբաժին ունեցող երկիրը կամ 25 տոկոս մասնաբաժին ունեցող կազմը որեւէ երկրի միջոցով դեմպինգի ռիսկ պարունակելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնում, ապա դա լրացուցիչ առաջարկի հնարավորություն է տալիս՝ որոշակի չափով տուրք սահմանելու կոնկրետ երկրից ներմուծվող որոշակի ապրանքատեսակի համար:

Առաջարկվող նոր կանոնով նախորդ կանոնակարգումը պահպանվում է, բայց եթե որեւէ անդամ երկիր իրեն բացառելու հայտ ներկայացնի, ապա իրեն կարող են բացառել, սակայն մյուս երկրների պարագայում կանոնը կարող է գործել: Օրինակ, X ապրանքի գծով Ռուսաստանը կամ Բելառուսը կարող են ասել՝ ինձ բացառեք, այդ դեպքում այդ կանոնը մյուս անդամ երկրների համար կգործի: «Սա կանոնից բացառության հնարավորություն է»,- նշել է Գեւորգ Պապոյանն ու հավելել. «Հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք հետագծելիության համակարգը գործում է: Օրինակ՝ որեւէ երկրից եկավ մտավ անդամ երկիր, որտեղ, օրինակ, վետո դրված չէ, եւ կա՞ արդյոք հետագծելիության մեխանիզմը, որ չներթափանցի սահմանափակում կամ տուրք դրած երկիր: Բավականին մեծ աշխատանք է կատարված ԵԱՏՄ-ում սերտիֆիկացման համակարգում եւ, ըստ էության, շատ կոպիտ եւ մի քանի փուլանի խախտումներ պետք է լինեն, որ դա չհայտնաբերվի: Պրակտիկորեն կարծում ենք, որ գործիքը կաշխատի ցանկացած երկրի համար»,- պարզաբանել է նախարարը:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետեւանքներին: Նախարարը, մեջբերելով գիտական հոդվածներ այս առնչությամբ, փաստել է. «Երբ սահմանները բացվեն, մենք կկարողանանք բազմաթիվ ապրանքներ, որոնք ներմուծում ենք, կողքիններն արտահանում են, իրենցից ներմուծենք: Հետեւաբար, մեր ներմուծման գինը կէժանանա, հետեւաբար Հայաստանում այդ ապրանքների ինքնարժեքը կիջնի: Այն, ինչ արտահանում ենք, մեր ու իրենց արտահանումները չեն խաչվում, կամ խաչվում են կամ շատ քիչ է ինդեքսը՝ 0.25, հետեւաբար մեզ այդ առումով էական վնասներ չեն լինի: Իհարկե, կան փոքր բացառություններ, բայց մեր օրենսդրությունը, ԵԱՏՄ օրենսդրությունը լիուլի հնարավորություն են տալիս տարբեր տեսակի աջակցության մեխանիզմներով ու գործիքներով այդ խնդիրը լուծել»:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանի արձանագրմամբ սահմանի բացումն այնպիսի ռիսկ չի ներկայացնում, որ մեր տնտեսությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունը կարող է տուժել: Էկոնոմիկայի նախարարն էլ հավելել է՝ մեր երկրի համար ռիսկ են ներկայացնում եւ ներկայացրել փակ սահմանները:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել է ««Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծի ու ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930