ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու, հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնարկի գրադարանին նվիրել իր հեղինակած գրքերը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրատարակված հոգևոր և աշխարհիկ արժեքավոր գրականություն։ Այս միջոցով ազատազրկված անձանց հնարավորություն է ընձեռվում հաղորդ լինելու հայ հոգևոր մտքի և ազգային մշակույթի վեհագույն դրսևորումներին։
Հանդիպումը բացվեց տերունական աղոթքով։ Այնուհետև հիմնարկի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ ներկաներին մատուցվեց անակնկալ՝ դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի պատրաստած սահիկաշարի շնորհիվ ամփոփ ներկայացվեց Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանի կյանքի և հոգևոր ծառայության ուղին՝ իր առաջին քայլերից մինչև քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության պատասխանատու առաքելությունը։
Հոգեշնորհ Հայր սուրբը ներկայացրեց իր գրական ժառանգությունը՝ լուսաբանելով յուրաքանչյուր գրքի գաղափարական առանցքը, ստեղծագործական ընթացքը և թեմատիկ ընդգրկումը։ Նրա ստեղծագործություններում զուգակցվում են թե՛ վարդապետական խորազնին ուսումնասիրություններ, թե՛ պատմա-գեղարվեստական երկեր՝ վեպեր, վիպակներ, և թե՛ բանաստեղծական ժողովածուներ։ Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ զրույցի մթնոլորտում՝ լի հոգևոր խորհրդածություններով։
Քննարկվեցին կյանքի իմաստի և արժեքների, հավատքի դերի, ինչպես նաև հոգևորի և աշխարհիկի հավասարակշռության կարևորության մասին հարցեր։ Ազատությունից զրկված անձինք հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց մտահոգություններն ու հուզող հարցերը՝ ստանալով բովանդակալից պատասխաններ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն