Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին ելույթ կունենա Վեհաժողովում և կպատասխանի ԵԽԽՎ պատվիրակների հարցերին։ Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 14։00-15։00-ին։
Ներկայացնելով Բյուրոյի առաջընթացի զեկույցը` հունգարացի պատվիրակ Զոլտ Նելեչը, անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին, հայտարարեց․ «Վերջին ամիսներին դրական զարգացումներ են եղել։ Ուզում եմ այս համատեքստում նշել հայ-ադրբեջանական համաձայնությունը, որը միջնորդավորված է ԱՄՆ-ի կողմից։ Բոլորս էլ տեղյակ ենք, որ այս հարաբերություններում կան բաց հարցեր, որոնք այս նոր համատեքստում հույս ունեմ, որ կլուծվեն։ Եվ այս պատճառով շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն կունենանք այստեղ՝ Վեհաժողովում, հյուրընկալել ՀՀ վարչապետին։ ԵԽ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի նախագահին։ Հույս ունեմ, որ ինչքան ադրբեջանական դիվանագիտությունն ակտիվանա, դա այնքան իր ներդրումը կունենա այսպես կոչված Ադրբեջանի հարցի լուծմանը ԵԽ-ում, և մենք ճանապարհ կգտնենք, թե ինչպես կարող ենք կրկին ԵԽԽՎ-ում տեսնել մեր ադրբեջանցի գործընկերներին։
ԵԽԽՎ-ն որոշեց հրատապ ընթացակարգով այս նստաշրջանի ընթացքում քննարկել հետևյալ թեմաները՝ «Ուկրաինայի համար միջազգային պահանջատիրական հանձնաժողով ստեղծելու մասին կոնվենցիայի նախագիծ», «Ռուսաստան․ նոր մարտահրավերներ եվրոպական ժողովրդավարության համար», «Հրատապ կոչ՝ վերջ դնելու ավերիչ մարդասիրական աղետին և լրագրողների սպանությանը Գազայում», «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում։
Կարդացեք նաև
Ընթացիկ ընթացակարգով Վեհաժողովը կքննարկի Սերբիայում քաղաքական ճգնաժամի վերաբերյալ և «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և ներառական երկխոսություն Թուրքիայում» հարցերը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ