Լրահոս
Օրվա լրահոսը

Global High-Tech Award-ի 16-րդ դափնեկիրը կժամանի Հայաստան հոկտեմբերին

Սեպտեմբեր 29,2025 17:08

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025 թ․ դափնեկիրը Վինսենթ Ռոշն է:

«Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշի այցը Հայաստան նախատեսված է 2025թ․-ի հոկտեմբերի 14-16-ը՝ ՀՀ պետական  մրցանակը ստանալու կապակցությամբ։

Ավանդույթի համաձայն՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, տեղի կունենա  մրցանակին նվիրված հատուկ փոստային ծրարի մարման արարողություն: Global High-Tech Award-ի մրցանակի գլխավոր գործընկեր Viva-ի գրասենյակում կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ դափնեկրի մասնակցությամբ: 2009թ․-ին հիմնված մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:

Այցելության շրջանակում Վինսենթ Ռոշը կհանդիպի ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, կայցելի Ինժեներական քաղաք, որտեղ կմասնակցի լեգենդների փառքի արահետի բացմանը: Ինչպես միշտ՝ դափնեկիրը կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում։ Այցի օրակարգը նաև ընդգրկում է հանդիպում Հայաստանի վեց բուհերի ուսանողների հետ, ինչպես նաև այց Սինոփսիս Արմենիայի R&D կենտրոն և Ուսումնական դեպարտամենտ։ Որպես հատուկ հյուր, Վինսենթ Ռոշը շնորհանդեսով ելույթ կունենա «Սիլիկոնային սարեր 2025» գագաթնաժողովին։

Վինսենթ Ռոշ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ

Վինսենթ Ռոշը «Analog Devices Inc.» (ADI)  գլխավոր գործադիր տնօրենն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ընկերությունը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է, և անգերազանցելի ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Պարոն Ռոշը ընդլայնել է բարձր արդյունավետության անալոգային լուծումների ոլորտում ընկերության առաջատար դիրքը՝ կիրառական նորարարության, հաճախորդակենտրոնության և գործառնական գերազանցության նկատմամբ իր նվիրվածության միջոցով։

Վինսենթ Ռոշը ADI-ի երրորդ գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի երկրորդ նախագահն է։ Նա ADI-ում իր կարիերան սկսել է 1988 թվականին, 2012 թվականին դարձել է ընկերության նախագահ, 2013 թվականին նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն իսկ 2022 թվականին՝ ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ։ Պարոն Ռոշի՝ որպես գործադիր տնօրեն աշխատելու ընթացքում ընկերության ընդհանուր եկամտաբերությունը կազմել է 546% (S&P 500-ի 339%-ի համեմատ, կամ S&P 500-ի 1,6 անգամ ավելի՝ այդ ժամանակահատվածում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ)։

Պարոն Ռոշը Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Նախագահական գլխավոր գործադիր տնօրինության խորհրդատվական խորհրդի և Մասաչուսեթսի բարձր տեխնոլոգիաների ղեկավարության խորհրդի անդամ է։ Նա ունի էլեկտրոնային համակարգերի բակալավրի աստիճան և գիտությունների պատվավոր դոկտորի կոչում (ճարտարագիտական)՝ Իռլանդիայի Լիմերիկի համալսարանից։

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի մասին

(Համաշխարհային բարձր տեխնոլոգիական մրցանակ)

Սինոփսիս ընկերության նախաձեռնությամբ՝ 2009 թվականի հուլիսի 6-ին հիմնվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ):

2018 թվականից այս մրցանակաբաշխությունը վերանվանվել է` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի։

2023 թվականին մրցանակի պաշտոնական անվանումը փոխվել է, դառնալով՝ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ (Համաշխարհային ԲՏ մրցանակ)։

 Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է մարդկության կյանքում ԲՏ ոլորտի միջոցով բացառիկ ներդրումներ կատարած անհատի, ում միջազգայնորեն ճանաչված ներդրումները բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու մարդկության կյանքում: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:

Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Վարչապետի կողմից հաստատված մրցանակաբաշխության կոմիտեի կողմից։ Միցանակաբաշխության կոմիտեն բաղկացած է Գործադիր խորհրդից և Միջազգային ընտրող հանձնաժողովից։

Գործադիր խորհուրդը թեկնածուների առաջադրման հրավեր է ուղարկում, ստանում հավակնորդների թեկնածությունները և ընտրող հանձնաժողովին ներկայացնում հավակնորդ-թեկնածուների անունները՝ վերջնական ընտրություն կատարելու համար, ինչպես նաև կազմակերպում ծրագրի իրագործման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ։

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս ընկերությունն է։

Մրցանակաբաշխության հովանավորն է Վիվա ընկերությունը։

Մրցանակաբաշխությանն աջակցում է ՏՀՏ Գործատուների Միությունը և Հայաստան համահայկական հիմնադրամը։

Համաշխարհային ԲՏ մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:

Համաշխարհային ԲՏ մրցանակի ոսկե մեդալը ոգեշնչված է հայկական ավանդույթներով ԲՏ ոլորտի ապագայի համաշխարհային տեսլականով։

Մեդալի վրա պատկերված է տեղեկատվական տեխնոլոգիաների համացանցի սարդոստայնով պարուրված գլոբուսն ու դրա վրա տեղադրված ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Կարեն Աղամյանի հեղինակած թևավոր առյուծը, որը վերամշակված է Էրեբունու որմնանկարների պատկերներից եւ խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու իմաստությունը։

Հուշախորհրդանիշն ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակուց և զարդարված է Հայաստանի ընդերքից հանված կիսաթանկարժեք քարերից պատրաստված նախշերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930