Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադացի հյուրերին հետաքրքրել են Հայաստանի դատական համակարգի թվայնացման փորձն ու էլեկտրոնային արդարադատության համակարգի գործունեության մանրամասները

Սեպտեմբեր 29,2025 18:16

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է աշխատանքային 7-օրյա այցով Հայաստանում գտնվող Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։

Կանադացի գործընկերների հետ համագործակցությունը նախատեսված է Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի 2025-26 թվականների տեխնիկական աջակցության ծրագրով, ինչի շրջանակում ԲԴԽ-ում և դատական դեպարտամենտում իրականացվել են հայ-կանադական առցանց հանդիպումներ անչափահասների արդարադատության և թմրամիջոցներին առնչվող դատական գործերի վերաբերյալ։

Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը կարևոր հանգրվան է հայ-կանադական համագործակցության համար և կոչված է ամրապնդելու Հայաստանի դատական համակարգի կարողությունները՝ հատկապես թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների կանխարգելման, վարույթի և արդար դատաքննության ապահովման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասներին ու կանանց:

Արթուր Աթաբեկյանը, պատասխանելով կանադացի գործընկերների հարցերին, ներկայացրել է ՀՀ ԲԴԽ-ի լիազորությունները, դատավորների կարգապահական վարույթներին առնչվող մանրամասներ և դատական համակարգի գործունեության առանձնահատկությունները։

Գործընկերները քննարկել են անչափահասների արդարադատությանն առնչվող լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Կանադացի հյուրերին հետաքրքրել է հատկապես Հայաստանի դատական համակարգի թվայնացման փորձն ու էլեկտրոնային արդարադատության համակարգի գործունեության մանրամասները։ Պատվիրակության ղեկավարն այս առումով արձանագրել է, որ իր նահանգում էլեկտրոնային արդարադատությունը դեռևս ձևավորման փուլում է՝ քննարկելով հայաստանյան փորձի տեղայնացման հնարավորությունները։

Նշենք, որ պատվիրակության այցի օրակարգում նախատեսված են հանդիպումներ ծրագրի շահառու պետական գերատեսչությունների ղեկավար կազմի, մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Կանադայի պատվիրակության կազմում են Նոր Շոտլանդիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր Քերոլ Բիթոնը, Կանադայի արդարադատության կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Քրիստին Օ’Դոհերթին, Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը։

Հանդիպմանը մասնակցել են ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցն ու Էդգար Հովհաննիսյանը։

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930