Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ժամանակին Տեր Արամին մաղթեցի, այժմ Տեր Թադեին նույնպես մաղթում եմ, որ ուղղամտությունը իսպառ չլքի նրան և գործիք չդառնա չարի ձեռքին

Սեպտեմբեր 29,2025 18:20

Երեկ՝ 2025 թվականի սեպտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը իր ֆեյսբուքյան գրառումով հայտարարեց, որ ինքը «միանում է Տեր Արամի արդար ձայնին»։ Խոսքը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի մասին է, որն ինչպես հայտնի է, դեռևս գտնվում է հակաեկեղեցական ուժերի ազդեցության տակ, սակայն, գոնե ես, հույս ունեմ, որ երբևէ Տեր Արամը ավելի լրջորեն ու իրատեսորեն կմոտենա իր քահանայական կոչմանը։

Հայ Եկեղեցու և բարեպաշտ հավատացյալների համար մեծ վիշտ է ամեն մի նման պատմությունը։ Բայց ոչ թե տխրում ենք նրա համար, որ Տեր Թադեի կամ Տեր Արամի մոլորության պատճառով Հայ Եկեղեցին թուլացավ, ինչը հնարավոր չէ, այլ տխրում ենք, որովհետև ևս մեկ հոգի, այն էլ օծյալ քահանա, զոհ է դառնում հակաեկեղեցական ու ապազգային քարոզչությանը։ Եվս մեկ հոգի կորստյան վտանգի է ենթարկում ոչ միայն իր, այլ նաև իրեն հետևողների հոգիները։

Գենադի Մնացականյան

Այսօր Եկեղեցի-Պետություն հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են, որովհետև Հայաստանում քաղաքական իշխանությունը գտնվում է ապազգային ու հակաեկեղեցական ուժերի ձեռքում։ Սա ոչ թե պարզվել է խորը քաղաքագիտական վերլուծությամբ, այլ իրենց իսկ վկայությամբ, որոնք արվել են հենց իրենց թե՛ խոսքերով և թե՛ գործերով։

Արդեն չորս ամսից ավել է եկեղեցամարտ մոլորյալները պետական մակարդակով պատրաստվում են սադրել մեր Սուրբ Եկեղեցու հետևորդներին և քաղաքացիական բախումներ հրահրել, սակայն քաջ գիտակցելով իրենց ճղճիմ ծրագրերի ձախողումը՝ առայժմ ձեռնպահ են մնում նման ազգադավ գործողություններ կատարելուց։

Այս համատեքստում ողջունելի է ազգային մեծ բարերար տիար Սամվել Կարապետյանի ԱԱԾ մեկուսարանից արված այսօրվա ուղերձում տեղ գտած հետևյալ միտքը․ «Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել»։ Դժվար է այս մտքի հետ չհամաձայնվելը։ Իսկ Քաղաքացիական Պայմանագիր կրոնա-քաղաքական աղանդը, այսպես կոչված, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ժողովրդի վզին փաթաթելով փորձում է հայ քրիստոնյային դարձնել հենց այդպիսին՝ թեև կուշտ, ինչը նույնպես մեծ հարցական է, բայց հաստատապես զուրկ հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից։ Բնականաբար, դա անիրագործելի հիվանդագին երևակայության արգասիք է։ Սակայն, այդուհանդերձ, այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հասարակական կյանքում եթե ժամանակին ու համարժեք հակահարված չտրվի։

Այս իմաստով «Մեր ձևով» շարժումը մյուս ազգային ուժերի հետ միասին կարևոր առաքելությամբ է հանդես գալիս և յուրաքանչյուր հայի մասնակցությունը այս սրբազան գործում այժմ առավել քան երբևէ ազգապահպան նշանակություն ունի։ Ինչպես ժամանակին Տեր Արամին մաղթեցի, այժմ Տեր Թադեին նույնպես մաղթում եմ, որ ուղղամտությունը իսպառ չլքի նրան և գործիք չդառնա չարի ձեռքին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930