Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը խնդիր էր դրել, որպեսզի «Տաշիր Արենան»-ն լինի բազմաֆունկցիոնալ եւ համալրված ամենանոր տեխնոլոգիաներով, եւ մենք հասանք մեր նպատակին». Հրաչյա Արշակյան

Սեպտեմբեր 29,2025 23:35

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Երեւանի կրկեսի  տեղում փաստացի զրոյից կառուցված «Տաշիր Արենան»-ն «Eternia» շքեղ շոու ծրագրով հյուրընկալ դռները կբացի հանդիսատեսի առջեւ:

Երեւանի նորագույն մշակութային կենտրոնի՝ «Տաշիր Արենա»-ի, բացման առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մասնակիցները պատմեցին, թե ինչու է «Տաշիր Արենա»-ն բացառիկ հարթակ, որտեղ հնարավոր է լինելու կազմակերպել ոչ միայն կրկեսային ներկայացումներ, այլեւ համերգներ, այլ բեմադրություններ, մարզական միջոցառումներ, ամենատարբեր թեմաներով համաժողովներ, ծանոթացրին այս կենտրոնի տեխնիկական եւ տեխնոլոգիական  առավելություններին, հիմնավորեցին, թե ինչու է «Տաշիր Արենա»-ն Հայաստանը դարձնում միջազգային մակարդակի կարեւորագույն հարթակ:

«Ինձ համար ամենագլխավորը մարդկային շփումներն են: Երկու տարի առաջ, երբ հանդիպեցի Սլավա Կոլցովի եւ Տաթեւիկ Կարապետյանի հետ, նրանք ինձ համար այն մարդիկ դարձան, որոնց ես հավատացի: Իսկ երբ մարդուն հավատում ես, պայմանագիր, ստորագրություն եւ նման այլ բաներ երկրորդ պլան են նահանջում: Ինձ համար հետաքրքիր դարձավ լսել իմ զրուցակիցներին: Եվ ես հավատացի, որ իրենք հավատացել են ինձ: Ստեղծվեց մարդկային մի կոնտակտ, որի ընթացքում ես հասկացա, որ այն պետք է զարգացնել եւ հասնել իմ զրուցակիցների երազանքների մակարդակին, ինչի համար մենք գիշեր-ցերեկ տքնաջան աշխատում ենք»,-ասաց շոուի ղեկավար, միջազգային բացառիկ հեղինակություն վայելող Պավել Բրյունը:

«Տաշիր Արենա»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը պատմեց, թե ինչու այս ունիվերսալ կենտրոնի կառուցումը եւ բացումը, որին այնքա՜ն սպասում են մարդիկ, այսքան հետաձգվեց:

«Երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց երեւանյան կրկեսի շենքը, այն այդ պահին վթարային վիճակում էր եւ անվտանգ չէր շահագործման համար: Հետեւաբար, ուսումնասիրությունները կատարելուց հետո որոշում կայացվեց, որ ավելի անվտանգ է շենքը քանդել եւ տեղում կառուցել նոր շենք, ինչն էլ սկսեց անել «Տաշիր» ընկերությունների խումբը, որը կարողանում է կառուցելը շատ լավ անել: Նոր շենքը բավականին կարճ ժամանակում կառուցվեց, բայց խնդիր կար այն համալրելու ժամանակակից տեխնոլոգիաներով եւ տեխնիկայով: Սամվել Կարապետյանը խնդիր էր դրել, որպեսզի շենքը լինի բազմաֆունկցիոնալ եւ համալրված ամենանոր տեխնոլոգիաներով: Թիմը լծվեց այդ գործին, սկսվեցին նախագծման, ձեռք բերման, մոնտաժային եւ գործարկումների փուլերը:

COVID 19-ի, Արցախյան դեպքերը իրենց շտկումները մտցրին այդ բոլոր գործընթացներում, բայց, կարծում եմ, բոլոր սպասումներն արդարացված են, քանի որ մենք հասանք մեր նպատակին եւ ստացանք ոչ միայն Երեւանի, Հայաստանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համար շատ բարձր մակարդակի, անվտանգ, ամենանոր տեխնոլոգիաներով հագեցված շենք, հարթակ, որտեղ կարող ենք անցկացնել տարբեր տիպի շատ եւ շատ միջոցառումներ ոչ միայն Հայաստանի հանդիսատեսի համար,-պատմեց «Տաշիր Արենա»-ի գլխավոր տնօրենը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930