ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը փորձեց մանիպուլացնել իրականությունը, թե իբր իր համար հասկանալի չէ Ալիեւի խոսույթը: «Ո՞նց չեք հասկանում, եթե դուք այդ մարդու հետ ստորագրել եք հռչակագիր, աշխարհի համար մեկ պետության ղեկավարի վկայությամբ։ Հիմա նա նույն նարատիվի մեջ է, ինչի մասին մենք արդեն քանի ամիս է՝ հայտարարում ենք, որ խաղաղության մասին իրենց լոզունգները միֆ են, հեքիաթ եւ այլն: Ալիեւը մնացել է նույն նարատիվի մեջ, ինքը հայտարարում է, թե չի հասկանում՝ ինչ նարատիվ է նա բերում, ինչ «Զանգեզուրի միջանցք», ինչ բան․․․ Ամեն ցանկացած, իրենց պատկերացմամբ՝ «բերկրանքով լի հաջողությունից» անմիջապես հետո նույն խոսույթն է՝ միջանցք, «կորիդոր»․․․ Նույն Թրամփը քանի անգամ է իր ելույթում «կորիդոր» բառն արտասանել։ Եթե մեկն այդ բառն արտասանում է, եւ կողքին նստած մարդը որեւէ ձայն չի հանում, չի ընդվզում, անհամաձայնություն չի արտահայտում, անգամ չի էլ ուղղում, որ դա «կորիդոր» չէ, հաղորդակցության ուղի է, ապա ո՞ւմ համար պարզ չէ այս ամենը, մնում է, որ մեր ժողովուրդը մի քիչ դատի: Մեր ժողովուրդը շատ արագ հավատալու, ընկալելու սովորություն ունի, հատկապես այդ քաղցր խոսքն էլ՝ «խաղաղություն» բառը, շատ է հոլովվում, պարզ է, որ իրենց քարոզչությունը հաջողություն ունենում է»։
Դիվանագետի խոսքով՝ նույն տրամաբանությամբ է պետք ընկալել Ալիեւի՝ Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու հայտարարությունը չհերքելու փաստը․ «Ինքն այնքան վախեցած է, որ հերքելու փորձ անգամ չարեց»։ Եթե Նիկոլ Փաշինյանը նախորդ ընտրություններին ընդառաջ հասարակությանը բեւեռացրեց՝ բաժանելով «սեւերի» եւ «սպիտակների», այս անգամ էլ «կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն» կեղծ լոզունգն է հորինել․ «Հասկացավ` «նախկինների» թեզն այդքան էլ չի աշխատում, բառերը փոխել՝ դարձրել է «պատերազմ-խաղաղություն»՝ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ․․․ Ո՞վ է, ախր, քեզ նման բան ասել, ու սա ասողը մի մարդ է, որ ժողովրդի գլխին աղետ է բերել, այդ ավերիչ պատերազմն իր օրոք է եղել։ Բայց ինքը պարտության համար մեղադրում է բոլորին, խոսում է այն մասին, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից, ինչքա՞ն կարելի է այս ամենը կուլ տալ, պետք է սթափվել։ Ինքն իր գործն անելու է, ստացել է մի թուղթ, որը հնարավորություն է տալու քարոզարշավի ժամանակ թղթով պտտվել ու ասել՝ ասֆալտ-խաղաղություն, ուտելիք-խաղաղություն, խաղաղություն փոր-ստամոքս- ֆեստիվառ, ուրախություն, հերիք է, մենք սգի ժողովուրդ չենք․․․ Կներեք, մենք հաղթանակած ժամանակներ ենք ապրել, դուք սուգ որտե՞ղ եք տեսել, մեր սուգը լռելյայն պայքարն է եղել՝ Ապրիլի 24 լիներ, Մայիսի 28, ամեն ինչ, բայց էս ժողովուրդը սգակիր չի եղել, հիմա կանգնում ասում է՝ սուգ չկա, պայքար չկա, ուրախացեք, կերեք, խմեք, բտվեք, լցրեք ստամոքսներդ, լավ է, էլի, կյանքներդ վայելեք, ես էլ խաղաղություն եմ բերել։ Բայց ո՞նց ես բերել, եթե ում հետ ստորագրել ես իբր խաղաղության փաստաթուղթը, հայտարարում է, որ դու կապիտուլացված ես, Զանգեզուրի միջանցքով էլ անցնելու է Թրամփի ուղին»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: