Ադրբեջանի նախագահը հերթական անգամ՝ արդեն ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հոխորտացել է Հայաստանի հասցեին, թե իբր պատերազմի ժամանակ Հայաստանը կասետային զենքերով ու հրթիռներով ռմբակոծում էր Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, իրենք պաշտպանվում էին և հանձնառու էին ՄԱԿ-ի բանաձևերի իրականացմանը և այլն։
Պարզ է, որ Ալիևը միջազգային հանրության շրջանում փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր քիչ չէ Հայաստանը Ադրբեջանի տարածքներն է «օկուպացրել», մի հատ էլ ռազմական ագրեսիայի է դիմել։ Հայաստանին հանցագործությունների մեջ է մեղադրում մի երկիր, որը ռազմական հանցագործությունների իրականացման հարցում ոչ մի միջոցի առաջ կանգ չի առել ու չի առնում։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական ու, ընդհանրապպես, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ակնհայտ են՝ սկսած խաղաղ բնակչության թիրախավորումից, էթնիկ զտման կազմակերպումից մինչև գերիների խոշտանգում։ Եվ այս ամենն արձանագրված է միջազգային մարդասիրական կազմակերպությունների տարբեր զեկույցներում ու վերլուծություններում։
Ռազմական գործողություններից տարիներ են անցել, բայց Բաքուն մտադիր չէ անգամ ռազմագերիներին վերադարձնել։ Նույնիսկ «Կարմիր խաչի» գրասենյակը փակեցին, որ չլինեն գերիների հետ հանդիպողներ, նրանց վիճակով հետաքրքրվողներ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում մշակութային արժեքներին են բացահայտ պատերազմ հայտարարել այն աստիճանի, որ արդեն խորհրդային ժառանգության կոթողներն են ոչնչացնում։ Ու այնպիսի վայրագություններ են իրականացնում, որ անգամ ռուսական կողմն արձագանքեց՝ հատկապես Այվազովսկու հուշարձանի ոչնչացման հետ կապված։ Ադրբեջանը նպատակ է դրել ուղղակի վերացնել հայկական հետքը, դրա համար էլ հայերի հազարամյակների պատմությանը վերաբերող ամեն ինչ ոչնչացվում է։ Իսկ աշխարհը լուռ է։ Ավելին, այս պարագայում միջազգային հանրությունը ոչ միայն ընդունում է Ադրբեջանին ու այդ երկրի նախագահին, այլև ազատ կերպով հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի ամբիոնից և այլ հարթակներից հպարտանալ իր ռազմական հանցագործություններով, ավելին՝ Ադրբեջանը «ագրեսիայի զոհ» ներկայացնել։
Այնինչ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային դատարանի առաջ պետք է կանգնած լիներ, քանի որ դրա հետ կապված ապացույցների պակաս չկա։
Կարդացեք նաև
Բայց խնդիրը միայն միջազգային հանրությունը չէ, այն նաև Հայաստանի հետ է կապված։ Եթե ՀՀ իշխանությունները երկրի ներսում առյուծ են զգում, տարբեր իրավական լծակներով ճնշում են ընդդիմությանը և փորձում լռեցնել ընդդիմադիրներին, ապա դրսում ուղղակի թուլամորթի տպավորություն են թողնում, քանի որ Ադրբեջանի առաջ բացել են զիջումների ճանապարհը։ Ինչ Ադրբեջանը ցանկանում է, խաղաղություն հաստատելու անվան տակ կատարում են, անգամ արդեն իսկ հայտարարել են, թե Սահմանդրությունն են փոխելու, ու հռչակել են Չորրորդ հանրապետության օրակարգը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի օրակարգը ու «գործ է տալիս» սեփական պետության դեմ՝ հայտարարելով, թե ի՞նչ գործ ուներ Հայաստանի զինվորն Արցախում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։