Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը «Գիտուժ» նախաձեռնությունը Ազատության հրապարակում եւ Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում կանցկացնի «Գիտության շաբաթ» համապետական միջոցառումը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման եւ հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը, միջոցառման սիրտը Ազատության հրապարակում կայացող Գիտության փառատոնն է, որը 6 օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի եւ արվեստի փոխկապակցված աշխարհը։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական եւ ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։
Մեր հարցին՝ ո՞րն է այս տարվա «Գիտության շաբաթի» մեխը, Լիլիթ Մարգարյանն այսպես արձագանքեց. «Այս տարվա «Գիտության շաբաթի» մեխը միջգիտակարգային մոտեցումն է եւ թեմատիկան, որն ընտրել ենք՝ «Զարգացնել գիտությամբ»: Ուզում ենք ցույց տալ, որ եթե պետությունը գիտություն է զարգացնում, ուրեմն այնպիսի համակարգ պետք է ստեղծի, որ գիտությունն ազդի հասարակության եւ պետության զարգացման վրա: Միավորում ենք գիտությունը, որի STEM, հումանիտար հասարակագիտական ուղղություններով, նաեւ ստեղծարար համայնքի միջոցով ցույց ենք տալիս, որ իրականում այդ համայնքներն իրար չեն հակասում, այլ ընդհակառակը՝ երբեմն շատ կարեւոր տեղերում լրացնում են միմյանց: Միջգիտակարգային հարաբերությունների մեջ է ծնվում ինովացիան, տեխնոլոգիան եւ այն զարգացումը, որի մասին խոսում ենք»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այս տարվա «Գիտության շաբաթն» ինչո՞վ է տարբերվում նախորդից, ի՞նչ նորարարություններ կան, ի՞նչ շեշտադրումներ, որ առավել կարեւորում են, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Մեզ համար շատ կարեւոր է, որ «Գիտության շաբաթն» իր ճարտարագիտական լուծումով զարգանա ու կայանա: Ուզում ենք, որ հասարակությունը իմանա, թե ինչու ենք փառատոնը բաժանում 3 մասերի՝ զարգացնել գիտությամբ, մասնագիտական կողմնորոշում եւ գիտաֆանտաստիկա, ինչու ենք ապակենտրոնացված միջոցառումներ անում դպրոցներում եւ մանկապարտեզներում, ինչու ենք ամեն տարի թեմատիկան փոխում, բովանդակությունը զարգացնում: Ուզում ենք, որ եւ հավելյալ արժեք տա այդ ամենը, եւ հետաքրքիր լինի:
Այս տարի նորությունն այն է, որ շատ հետաքրքիր գործընկերներ ունենք, օրինակ «Թումոն» է մեզ միացել, եւ դպրոցներում ու մանկապարտեզներում ապակենտրոնացած ձեւաչափով շրջայց է կատարելու, մեզ մոտ իրենք նաեւ տաղավար ունեն: Այս տարի համագործակցել ենք Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ, որպեսզի մեր կարեւոր թանգարանները եւս միանան Գիտության շաբաթին՝ իրենց տեխնոլոգիական լուծումներով:
«Թումոյի» եւ «Ոսկե ծիրանի» հետ համագործակցությամբ ցուցադրելու ենք Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը գիտությանը նվիրված փառահեղ գործերից է։ Ֆիլմը հիմնված է նշանավոր ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրության վրա եւ անդրադառնում է գիտական առաջընթացի, պատերազմի , կորստի եւ դիմակայության թեմաներին:
Այս տարի մեր փառատոնը նաեւ իր տաղավարային բովանդակությամբ է ավելի հարուստ, նախատեսում ենք, որ ավելի շատ դպրոցներ ու մանկապարտեզներ մասնակից լինեն Գիտության շաբաթին»:
Ի թիվս այլնի, Լիլիթ Մարգարյանը նաեւ անդրադարձավ Լյոու Ցըսինի համաշխարհային բեսթսելերի՝ «Երեք մարմինների խնդիրը» գրքի շնորհանդեսին:
Զրույցի վերջում նա ընդգծեց. «Մենք կազմակերպում ենք «Գիտության շաբաթ», որպեսզի հնարավորինս շատ երեխաներ կիսեն այս առաքելությունն ու երազանքը, որ Հայաստանը կարելի է զարգացնել գիտությամբ եւ ճարտարագիտությամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից