Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառում վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը

Սեպտեմբեր 30,2025 18:55

Գավառում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի վերաբացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, արվեստասերներ, հյուրեր:

Պատկերասրահի վարած բանակցությունների արդյունքում Գավառի խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Գավառի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում հատկացվել է 284,3 քմ զբաղեցնող երկհարկանի տարածք, որում Հայաստանի ազգային պատկերասրահն իր միջոցներով վերանորոգման և արդիականացման աշխատանքներ է իրականացրել:

Մասնաճյուղի վերաբացումն ուղեկցվել է նոր մշակված կրթական ծրագրերով՝ Գավառի գեղարվեստի դպրոցի և Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ, ինչպես նաև «Մեղեդի» լարային քառյակի երաժշտական համարներով։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով սպասված իրադարձության առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Գավառն ունի ևս մեկ հրաշալի միջավայր. «Այստեղ ստեղծվել է մի յուրահատուկ մթնոլորտ, որտեղ ուզում ես վերադառնալ, ուսումնասիրել յուրաքանչյուր գործ և մոտենալ ամեն ինչին առանձնահատուկ հետաքրքրությամբ։ Յուրաքանչյուրիս տանը, գուցե, կան նկարներ, որոնք փակցված են պատերին, բայց հենց այստեղ է, որ լույսի, գույնի և թեմայի համադրությամբ ստեղծվում է արվեստին առերեսվելու իսկական միջավայրը»:

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ պատկերասրահը դառնալու է հետաքրքիր վայր ոչ միայն Գավառի բնակիչների և զբոսաշրջիկների, այլև հատկապես երեխաների համար՝ դառնալով մշակութային կրթության կարևոր հարթակ։

«Ուրախ եմ, որ պատկերասրահի վերաբացումը սկսվում է հենց բակից՝ դպրոցականների մասնակցությամբ կրթական ծրագրով, և շարունակվում է այն սրահում, որտեղ յուրաքանչյուր անկյուն մեզ հուշում է նոր բան սովորելու և ստեղծագործելու մասին։ Ունենալ տարածք, որը մշտապես մղում է ստեղծագործելու, նշանակում է՝ մտահղացումը լիովին ստացված է: Հայաստանի ազգային պատկերասրահ՝ Գավառի մասնաճյուղի վերաբացումը կլրացնի և կխթանի այն ջանքերը, որոնք ներդրվել են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ համագործակցության բազմաթիվ առիթներ արդեն իսկ հաստատել են, որ Գավառն ունի ակտիվ մշակութային կյանք և կրթական միջավայր։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի վերաբացումը հնարավոր չէր լինի առանց տեղական իշխանությունների աջակցության. «Շնորհակալություն եմ հայտնում տրամադրված տարածքի համար, որը, կարծում եմ, լավագույն ընտրությունն է պատկերասրահի համար։ Այն մեծ հնարավորություններ է ընձեռում: Այսուհետ այստեղ հնարավորություն կունենանք ոչ միայն ծանոթանալու Գավառի և Սևանի բնապատկերներին, այլև վերագտնելու մեր մշակութային ինքնությունը»։

Միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի տնօրեն Ջուլիետա Ղարաբաղցյանը երկարատև, անձնվեր և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ջուլիետա Ղարաբաղցյանին, որը վերջերս նշել է ծննդյան 90-ամյակը՝ շնորհակալություն հայտնելով նվիրված աշխատանքի և նշանակալի ներդրման համար:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ևս ողջունել է ներկաներին. «Վստահ եմ, որ պատկերասրահն իր այս ընդարձակ տարածքով նոր համագործակցություններ է ունենալու, նոր տեսքով, նոր դեմքով է հանդես գալու»:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ընդգծել է՝ պետական միջոցներով, դրամաշնորհներով ՀԱՊ մասնաճյուղերի և արդիականացման ծրագրի շրջանակում վերանորոգվել է արդեն վեցերորդ մասնաճյուղը՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը: Անդրադառնալով ժամանակավոր ցուցադրություններին՝ Ազգային պատկերասրահի տնօրենը նշել է, որ հայեցակարգային առումով այն անչափ կարևոր է:

«Փոփոխվող ցուցադրության շնորհիվ՝ անհրաժեշտ է ներկայացնել մարզին բնորոշ, կոնկրետ մարզային բնութագրիչը կրող մշակութային շերտ։ Մեր մասնաճյուղերը ոչ միայն գեղարվեստական, մշակութային, այլև կրթական և լուսավորչական խնդիր են լուծում։ Եվ դրա օրինակն է նաև տարբեր դպրոցների սաների ներկայությունը»,- ասել է Մարինա Հակոբյանը՝ շեշտելով, որ հանրակրթական, արվեստի, գեղարվեստի դպրոցների և այլ կրթական օջախների հետ համագործակցությունը լինելու է շարունակական։

Հիմնական հավաքածուից բացի՝ ժամանակավոր ցուցահանդեսների սկզբունքով ֆոնդերից հանրությանն են ներկայացվելու չցուցադրված նմուշներ։ Ժանրաթեմատիկ բազմազանությամբ առանձնացող էքսպոզիցիայի հիմքում Սևանա լիճն ու շրջակա բնությունն են, գյուղական բնակավայրերն ու կենցաղային տեսարանները։

Նշենք, որ քաղաքի մշակութային այս բացառիկ կենտրոնը բացվել է 1991 թ․, ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի արժեքավոր հավաքածուի հիման վրա։ Շուրջ 40 գեղանկար, գրաֆիկա, քանդակ ներկայացնում են 20-րդ դարի հայկական կերպարվեստի դասականներ, համաշխարհային ճանաչում վայելող Էդգար Շահինի, Եղիշե Թադևոսյանի, Հովհաննես Ալխազյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, Գեորգի Վերեյսկու և այլ արվեստագետների գեղարվեստական ժառանգությունը։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930