Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության կառուցումը խաղաղության ամրապնդման եւս մեկ կարեւոր աղյուս է: Եվ այն կարող է կառուցվել, եթե հասցեագրվեն մնացած խնդիրները. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Սեպտեմբեր 30,2025 18:12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող կառույցի տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին:

Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահ:

Վերջին անգամ, երբ ելույթ ունեցա այս շատ հարգարժան դահլիճում, Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս խաղաղության հաստատման ճանապարհին էին: Այսօր խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, եւ մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված:

Սակայն սա պատմության ավարտը չէ, այլ իրականություն, որը պետք է խնամել եւ սնուցել ամեն օր:

Եվ երբ ասում ենք խնամել, նախեւառաջ անհրաժեշտ է այն չվնասել, խուսափել խոսույթից, որը հակասում է ձեռք բերված պայմանավորվածություններին, թշնամանքի խոսույթից, ինչը, ցավոք, շարունակում ենք լսել Ադրբեջանի նախագահի ելույթներում:

Վստահության կառուցումը խաղաղության ամրապնդման եւս մեկ կարեւոր աղյուս է: Եվ այն կարող է կառուցվել, եթե հասցեագրվեն մնացած խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը, ինչպես նաեւ անհետ կորած անձանց ճակատագրերը:

Մեկ այլ կարեւոր ուղղություն, որը կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ որպես վկա՝ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված հռչակագրում նշվում է, որ բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն եւ գործեն այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են, ինչպես նաեւ փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա: TRIPP-ը (Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար) ենթակառուցվածքային նախագիծ է, որն անցնում է Հայաստանի տարածքով: Իրականում TRIPP-ն արտացոլում եւ մաս է կազմում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը: Դրա նպատակն է ծառայել որպես կամուրջ, որը կապում է արեւելքն արեւմուտքին, հյուսիսը՝ հարավին՝ երկաթուղիների, մայրուղիների, ինչպես նաեւ խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ մալուխների միջոցով: Պետք նշել նաեւ, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը էական կլինի TRIPP ներդրումային նախագծի եւ ընդհանրապես «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար:

Երբ վերը նշված բոլոր քայլերը մտնեն իրականացման փուլ, խաղաղությունը կդառնա ավելի ինստիտուցիոնալ, քանի որ կապվածությունն ու միմյանցից կախվածությունը կստեղծեն փոխշահավետ իրականություն՝ չեզոքացնելով այդ իրականությանը հնարավոր սպառնալիքները:

Եզրափակելով՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ խաղաղության գործընթացը գնալով կամրապնդվի՝ չնայած դեռեւս առկա խնդիրներին: Ավելի լավատեսական նոտայով մաղթում եմ, որ այս խաղաղության գործընթացը ոգեշնչող եւ օգտակար լինի այլ հակամարտությունների կողմերի համար, քանի որ մենք բոլորս ենք տառապում շարունակական պատերազմներից եւ մենք բոլորս միայն օգուտ կքաղենք խաղաղությունից: Եկեք աշխատենք անհոգնել հաստատելու եւ ամրապնդելու խաղաղությունը»,- ասել է պատգամավորը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930