«Այս իշխանության արձագանքը, կարծում եմ ապացույցն է նրա, որ իրենք փորձում են շեղել քննության ընթացքը»,-Փարաքար համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտման մասին «Հայելի» ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: «Այն, որ նրանք անմիջապես բոլոր ուժերով նետվեցին վրեժխնդրություն որակավորելու: Բոլորս գիտենք, որ փետրվարյան իրադարձությունները վկաների եւ նույն Վալոդյա Գրիգորյանի հայտարարությունները բացարձակապես կապ չունեն իրենց հայտարարած թեմաների հետ:
Այսինքն, մենք գործ ունենք հերթական անգամ արագացված տեմպերով մատուցվող արդարադատության հետ, որպեսզի հանրային դաշտում քննադատության եւ հնարավոր բողոքի դաշտը, հանդարտեցվեր: Վալոդյան անցած վեց ամիսների ընթացքում անգամ իր օգտին չքվեարկած մարդկանց շրջանում բավականին մեծ համբավ ու համակրանք ուներ»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Նա սպանության կադրերում նկատել է, որ մարդասպանը հասակով եւ կառուցվածքով առանձնապես չէր տարբերվում սովորական մարդուց, իսկ ձերբակալվածը չափերով իր մեջ կտեղավորեր նրանից երկու հատ:
«Եվ Փարաքարը եւ Գյումրին ցույց տվեցին, որ ընդդիմադիր թեկնածուին ձայն տալը միայն հայանպաստ եւ հայրենիքի ու տեղական համայնքի ծաղկմանը ուղղված գործողություն է:
Կարդացեք նաև
Մենք ամենօրյա ռեժիմով սպանությունների կամ բռնությունների ականատես ենք լինում: Եվ դա գալիս է այս իշխանության ներմուծած վարքագծային կանոններից: Շարունակվող սպանությունները դրա մասին են խոսում եւ ամենահիմար պատրվակում տեսնում ենք սպանության դեպք, ագրեսիվ դրսեւորումներ: Մարդիկ սկսել են ինքնադատաստանի ճանապարհը բռնել՝ բացարձակապես արդարադատության վրա խաչ քաշելով, շատ լավ հասկանալով, որ այդ արդարադատություն կոչվածը գոյություն չունի, քանի որ դատավորը թելադրանքով մեղադրական եզրակացություն է կազմում:
Արքեպիսկոպոս Աջապահյանի դեպքը, Բագրատ սրբազանի դեպքը, Սամվել Կարապետյանի դեպքը ամենաթարմ եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող օրինակներն են, որ հանրությունը կարող է տեսնել, թե ինչպես կարող են արհեստական, ոչինչ իրենցից չներկայացնող ինչ-որ պատրվակներով իրենց մտագար ուղեղներում անգամ խաղալիքները ամենասարսափելի ահաբեկչության զենքերի դեր կատարել: Այն էլ այն պարագայում, երբ ակնհայտորեն երեւում է, որ մեր հանրությունը ահաբեկչական գործողությունների առումով սարսափելի բացասական տրամադրվածություն ունի: Այսպիսով, մենք գործ ունենք արդարադատության հանդեպ տոտալ անվստահության հետ, որն իր հերթին ինքնաբերաբար բերում է ինքնադատաստանի»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Դեսպանը անդրադարձավ նաեւ Բորիս Ավագյանի սպանությանը: «Ինձ համար դա շատ ցավալի էր, որովհետեւ դա ՀՀ փաստացի տարածքում էր, որովհետեւ հյուպատոսությունը համարվում է ՀՀ տարածք: Երկրորդ, Հայաստանի քաղաքացին փաստացիորեն ապաստան էր գտել իր պետության տարածքում, որում նա սպանվել է: Եվ այս առումով խնդիր է, որովհետեւ նա կրում էր բավականին շատ տեղեկատվություն՝ դատելով իր իսկ տված տեղեկատվական արտահոսքերից, որն այս իշխանության կոռուպցիոն մեխանիզմների եւ համակարգի մասին է խոսում:
Այստեղ խնդիրները բազմաթիվ են: Սա ուղղակի սկանդալ է, որ մեր քաղաքացին մեր տարածքում սպանվում է դիվանագիտական հաստատությունում՝ պաշտպանություն ստանալու փոխարեն: Այդ տարածք օտար մարդ չէր կարող մտնել:
Այսինքն, կամ հյուպատոսության աշխատակիցներն են մեղավոր, կամ որոշակի հարցադրումներ են առաջանում: Իսկ մենք գիտենք, որ կան տեխնոլոգիաներ, որ մարդկանց կարող են հասցնել որոշակի իրավիճակի, որ ինքնասպանություն գործի: Սակայն նա ցանկանում էր վերադառնալ, այստեղ պատասխանատվություն կրել: Բայց մենք հասկանում ենք, որ տվյալ պարագայում իր վերադարձը անցանկալի չէր այս իշխանությունների համար»:
Վերադառնալով դատական համակարգին՝ Ձյունիկ Աղաջանյանը նաեւ արձանագրեց, որ բարեբախտաբար, կան դատավորներ, որոնք հավատարիմ են իրենց երդմանը հավատարիմ ծառայում են պետությանը եւ այդ դատավորները անգամ անձնական հետապնդման՝ դատավորի կարգավիճակից ու կոչումից զրկվելու դեպքում հավատարիմ են մնում իրենց մասնագիտական երդմանը եւ իրենց խղճին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ