Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Մանուկյանը յուրաքանչյուրի առաջ եղել է գրկաբաց տանտեր

Հոկտեմբեր 01,2025 12:30

Պատահում է չէ՞, որ յուրաքանչյուրս ունի հոգեւոր հանգրվան, ուր տանտիրոջ նման ներս ես մտնում, հանդիպում ես ինքդ քո եսի հետ, հեռանում ես քաղաքային աղմուկից , բացում ես ճամպրուկդ, որ հողաթափերդ հանես եւ հագնվես տնավարի։ Այդ ստեղծագործական օազիսը կոչվում է ծաղկաձորյան գրողների հանգստյան տուն եւ քեզ դիմավորում է երբեք չծերացող, ժպտադեմ, հարազատացած Մովսես Մանուկյանը։ Եվ այսպես տարիներ շարունակ։ Վերջապես հասկացա նրա անփոփոխության գաղտնիքը։

Մովսեսը ոգեղենիկ, արվեստի մեծերի ներքին դասականության էներգիայով է սնվում, այդ լույսը պահում է նրան Մովսեսավարի։ Հաճախ թվում է, թե տան ներսում, պատերի վրա դեռ կան ստեղծագործող աշխարհի շնչառությունները եւ հայացքները եւ դու մենակ չես, քեզ հետ են նրանք` Վարդգես Պետրոսյանը, Աղասի Այվազյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Գեւորգ Էմինը, Հրանտ Մաթեւոսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, Մարո Մարգարյանը, Սերո Խանզադյանը, Մետաքսեն, Ալվարդ Պետրոսյանը, Անահիտ Սահինյանը, Լեւոն Խեչոյանը, Աբիգ Ավագյանը, եւ էլի շատ շատերը, ովքեր գրականության ջահակիրներն էին եւ ոտնատեղ են բացել եկող սերնդի համար։ Մովսես Մանուկյանը յուրաքանչյուրի առաջ եղել է գրկաբաց տանտեր եւ ինչու չէ՝ նաեւ այդ խենթաշխարհում կարողացել է զարմանալիորեն մնալ հարազատ ընկեր, սրտառուչ մարդ, կարեկից մտավորական եւ հոգատար ձեռք։

Ես գիտեմ նաեւ, որ այդ տանը երկարաժամկետ ապաքինվել են շատ կարիքավոր գրողները, կամ ստեղծագործող ակտիվը գնացել է այնտեղ առանց օրացուցային թվերի ինքնամաքրվելու եւ գրիչ վերցնելու։ Ծաղկաձորյան տունը ոչ միայն թանգարանային խորհուրդ ունի, այլ նաեւ մտքային հոսքի կուտակված մեծ էներգիա, որը ժամանակի զարկերակը սնուցող ուժ է եւ չի կարելի այն օտարացնել այսօվա եւ վաղվա ստեղծագործողից։

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել նրա ծննդյան օրը եւ ցանկանալ, որ այդ տան բանալիների տրցակը միշտ իր ձեռքում պահի եւ մնա նույն ավյունով եւ կենսախդությամբ մեր բոլորի Մովսեսը։ Ամենալավագույնս քեզ` մեծ մարդ։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ:

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031